Գևորգ Պապոյանը և Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Զրուցակիցները քննարկել են հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝ օգտագործելով Հնդկաստանի առաջադեմ տեխնոլոգիաները։

Գևորգ Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում և Հնդկաստանի ոսկերչական ցուցահանդեսներում Հայաստանի ներկայացումը ազգային տաղավարով։

Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է քիմիական և մետալուրգիական արդյունաբերությունը՝ նախարարը հրավիրել է հնդկական ընկերություններին հայկական կողմի հետ համագործակցել «Կանաչ քիմիա» նախագծերի շրջանակում:

Երկուստեք կարևորվել է միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների ու գործարար համաժողովների կազմակերպումը՝ երկու երկրների գործարար համայնքների միջև համագործակցությունը խթանելու նպատակով:

Կողմերն անդրադարձել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30