ԱՕԿՍ-ի շենքը կտրվի վարձով. որքան կկազմի ամսական վարձավճարը

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված գույքերից մեկը՝ ԱՕԿՍ-ի շենքը 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու նախագծին:

Ներկայացնելով նախագիծը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց շենքի նախապատմությունը. «Հիշում եք, որ վարչական դատարանի վարույթում կար գործ, որի շրջանակներում հաշտություն կնքվեց և գույքի իրավունքը տրվեց ՀՀ-ին, այնուհետև Կառավարության որոշումներից մեկով դարձրեցինք պետական գույք և ելնելով թե՛ գույքի կառավարման տեսանկյունից, թե՛ նաև այն հանգամանքից, որ այդ գույքը օգտագոծելու ցանկություն ունեցողներ կան, գույքը գնահատվել է: Ամսական վարձակալության համար այն գնահատվել է 15 միլիոն 450 հազար դրամ, առաջարկում ենք այս պայմաններով մրցույթ անցկացնել»:

Սանոսյանը նաև նկատեց, որ հաշվի առնելով շենքի կարգավիճակը ԿԳՄՍ նախարարության գործընկերները որոշակի պայմաններ ունեն, որոնք և՛ տվյալ որոշմամբ, և՛ հետագա պայմանագրում կամրագրվեն և գույքը պետք է օգտագործվի գործընկերների մասնագիտական դիտարկումներից ելնելով:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ իր կարծիքով ԱՕԿՍ-ի շենքը իրավական ընթացակրագերով պետությանը վերադարձված ամենատեսանելի և նշանավոր շինություւնն է, և պետք է ամեն ինչ անել, որ այդ գույքը արդյունավետ կառավարվի:

«Եթե որևէ մեկն ուզենա այդտեղ բացել օծանելիքի, հագուստի խանութ, սննդի կետ, սրճարան, ռեստորան, հույս ունեմ՝ որևէ սահմանափակում չենք դրել։ Մեր սահմանափակումն այն է, որ շենքի մշակութային բովանդակությունն ու արժեքը չվնասվի: Ենթադրվում է, որ ցանկացած մեկը, որ այնտեղ վարձակալության կվերցնի, բնականաբար պետք է վերանորոգման ու հարդարման աշխատանքներ իրականացնի, մենք ունե՞նք մեխանիզմներ, որ ԿԳՄՍՆ կողմից նախագծերը հաստատվեն ու միայն դրանից հետո ու նախարարության վերահսկողության ներքո իրականացվի աշխատանքը»,- նշեց վարչապետը:

Արձագանքելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշել է, որ շենքը պատմամշակութային նշանակություն ունի, հուշարձան է, հետևաբար, արտաքին տեսքի, հարդարման աշխատանքները մասնագիտական դրական եզրակացությամբ պիտի արվեն․ «Պետք է վստահ լինենք, որ դրանից չի աղավաղվի շենքի արտաքին տեսքը կամ ներքին կառուցվածքը, որը նույնպես պատմամշակութային արժեք է»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքվել էր հաշտության համաձայնություն: Համաձայնությունը նույն օրը մուտք էր արվել Վարչական դատարան:

Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ շենքի (հանրության շրջանում հայտնի «ԱՕԿՍ»-ի շենքի) և 0,0467 հա մակերեսով հողամասի սեփականության իրավունքը վերադարձվել էր Հայաստանի Հանրապետությանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30