Էականորեն ավելացել է դպրոց մուտք գործող նոր ուսուցիչների թիվը․ ԿԳՄՍ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախարարության կողմից իրականցվող ծրագրերը՝ միտված ուսուցիչների աշխատավարձերի և մասնագիտության գրավչության բարձրացմանը։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը ԿԳՄՍ նախարարը նշեց, որ նախորդ տարի հերթական ատեստավորման գործընթացին շուրջ 9000 ուսուցիչ է մասնակցել։

«Ընդհանուր առմամբ, 2021-2023 թվականների կամավոր ատեստավորման արդյունքում բարձրացվել է 3830 ուսուցչի աշխատավարձ, որը կազմում է պետական դպրոցներում աշխատող ուսուցիչների 14 տոկոսը»,- ասաց նախարար։

Անդրեասյանի խոսքով՝ նախորդ տարի գործարկել են տարակարգի նոր մեխանիզմը, որի շրջանակներում արդեն 100-ից ավելի տարակարգ ստացող ուսուցիչ կա։

«Առաջին անգամ շնորհվել է նաև չորրորդ կարգի տարակարգ, որը 50 տոկոս հավելավճարի հնարավորություն է տալիս։ Արդյունքում՝ հավելավճարի այս բոլոր ծրագրերով ունենք 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող ավելի քան 220 ուսուցիչ»,- նշեց նախարարը։

Անդրեասյանը նաև ներկայացրեց գյուղական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համար իրականացվելիք ծրագրերը։

«Մինչև 100 աշակերտ ունեցող գյուղական դպրոցների բոլոր ուսուցիչները, որոնք ունեցել են մեկ դրույքից պակաս ծանրաբեռնվածություն, ստացել են հավելավճար։ Եվ սա հնարավորություն է տվել բարձրացնել գյուղական դպրոցներում աշխատող շուրջ 3000 ուսուցչի վարձատրություն, իսկ բնագիտական առարկաներ և տեղեկատվական տեխնոլոգիաներ դասավանդող շուրջ 8420 ուսուցիչ նույնպես աշխատավարձի բարձրացում է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերից՝ 25 տոկոսով»,-ընդգծեց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ այս ծրագրերն արդեն իսկ էական ազդեցություն են ունենում դպրոցներ մուտք գործող նոր ուսուցիչների ցուցանիշների վրա։ «Հաճախ են խոսակցություններ լինում, որ մենք այժմ ունենք մի իրավիճակ, որ օրինակ՝ ուսուցիչները դժվարանում են աշխատել դպրոցում կամ չեն ուզում աշխատել դպրոցում։ Ուրախ եմ հայտնել, որ մեր վիճակագրությունը և դպրոցներում ուսուցիչների թիվը ցույց է տալիս բոլորովին հակառակը։ Պետք է ասեմ, որ էականորեն ավելացել է դպրոց մուտք գործող նոր ուսուցիչների թիվը։ Ուսուցչի մասնագիտական գրավչությանն ուղղվող մեր քաղաքականությունն ունեցել է իր ազդեցությունը, և մարդիկ արձագանքում են դրան»,-եզրափակեց Անդրեասյանը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30