Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները մեղադրվում են խոշոր կաշառք ստանալու մեջ. 8 մեղադրյալի նյութերն ուղարկվել են դատարան

Հիմնավորվել է, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Խ. Խ.-ն տարբեր ժամանակահատվածներում մարզպետարանի և Շիրակի մարզի համայնքապետարանների հետ պայմանագրեր կնքած՝ կառուցապատման ու ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներից ստացել է ընդհանուր 1.700.000 ՀՀ դրամ կաշառք:

Նշենք՝ Խ.Խ.-ն Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է:

Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վերը նշված ընկերությունների կողմից Շիրակի մարզի տարբեր համայնքներում իրականացվող սուբվենցիոն և այլ ծրագրերի շրջանակներում ավարտված շինարարական օբյեկտների ավարտական ակտերը ստորագրելու, վճարվելիք գումարի չափն ավելացնելու, ինչպես նաև կատարողական ակտերի ստորագրման և կնքման գործընթացներն իրականացնելու համար ինչպես անձամբ, այնպես էլ իր ղեկավարած ստորաբաժանման գլխավոր մասնագետ Մ. Ա.-ի միջոցով, 2023թ. հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հիշյալ աշխատանքները կատարած ընկերությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ նրանցից մեկի հետ փոխկապակցված Արթիկի համայնաքապետարանի պաշտոնյա Ա.Հ.-ից, պահանջել և որպես կաշառք ստացել է 100.000-ից 1.000.000 ՀՀ դրամ (ընդհանուր՝ 1 միլիոն 700 հազար ՀՀ դրամ):

Կաշառք ստանալու համար Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձանցից Խ. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել: Վերջիններիս կաշառք տված ընկերությունների 6 ներկայացուցիչներին՝ ևս:

Նախաքննության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունների հիման վրա Խ. Խ.-ի, Մ. Ա.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում դատարանի որոշմամբ փոխարինվել է տնային կալանքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30