Գյումրիում համերգը չի չեղարկվել, այն կայացել է հաջողությամբ․ԿԳՄՍ փոխնախարարն՝ իրեն ուղղված մեղադրանքների մասին

Գյումրիում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգը ոչ միայն չի չեղարկվել, այլ կայացել է հաջողությամբ։

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ անդրադառնալով հունիսի 1-ի համերգի հետ կապված միջադեպին, ինչը պայմանավորված է եղել ժամի փոփոխությամբ։

Դանիելյանի ներկայացմամբ՝ եղանակային պայմաններն ու կիզիչ արևը ստիպել են, որ ժամի փոփոխություն արվի, քանի որ երեխաները փորձեր էին անում և դեռ պիտի նաև ելույթ ունենային։ Փոխնախարարը երգչախմբերի պատասխանատուներին առաջարկել է նախատեսված ժամանակից շուտ սկսել համերգը, ինչը միաձայն ընդունվել է կազմակերպիչ «Ազնավուր» հիմնադրամի և մյուս երեք խմբերի կողմից, իսկ Տավուշի «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսերը կտրուկ մերժել է։

Այնուհետև՝ մամուլում և սոցցանցերում սկսվել են շրջանառվել լուրեր համերգի չեղարկման մասին և տարաբնույթ մեղադրանքներ՝ ԿԳՄՍ փոխնախարարի հասցեին։

Անդրադառնալով միջադեպի մանրամասներին՝ Դանիելյանը պատմեց, որ անձամբ համերգի համար նախատեսված վայրում է եղել առավոտյան ժամը 09։30-ից, որից հետո Երևանից ու Տավուշից սկսել են ժամանել նաև երգչախմբերի երեխաները։ Այնուհետև՝ սկսել են նախօրեին պատրաստված բեմում տեխնիկական փորձերը։

«Արևի տակ, դժվար պայմաններում… Փորձերը նորմալ հունով առաջ էին գնում։ Տեխնիկական, եղանակային մի շարք պատճառներով, քանի որ 11։00-11։30-ից արդեն ահագին մարդ կար, հիմնադրամի և մնացած երեք խմբերի հետ համատեղ որոշեցինք համերգը մեկ ժամ շուտ սկսել, որովհետև հանդիսատեսն արդեն տեղում էր, իսկ մենք՝ պատրաստ։ Ովքեր կազմակերպում են բացօթյա համերգներ, շատ լավ գիտեն, որ մանավանդ Հայաստանում ժամի փոփոխության դեպքում խնդիր չի առաջանում, որովհետև հարմարվում ենք, դա նորմալ երևույթ է։ Համերգներ են լինում՝ 3 ժամ ուշ ենք սկսում, կան՝ շուտ։ Երեք խմբերին առաջարկեցի ժամը 14։00-ի փոխարեն ժամը 13։00-ին սկսել։ Նրանք համաձայնեցին։ Նույնն առաջարկեցի նաև Տավուշի խմբին։ Առաջին անգամ հեռախոսով, քանի որ բեմի կողքին չէին, հեռու էին, զանգահարեցի խմբավարին։ Նա ասաց, որ ինքը չի որոշում, այլ պրոդյուսերը։ Փոխանցեց նրան։ Բացատրեցի իրավիճակը՝ ասելով, քանի որ դուք եք համերգը սկսում, եկեք սկսենք։ Կատեգորիկ հրաժարվեց։ Ասաց՝ չենք ուզում այդ ժամը, մենք ժամը 14։00-ին պիտի երգենք»,-ներկայացրեց Դանիելյանը։

Նա կրկին շեշտեց` ժամը փոխելն առավել պայմանավորված էր եղանակային պայմաններով, որպեսզի երեխաները չարևահարվեին, իսկ ժամը 14։30-ի սահմաններում նաև ամպրոպ ու անձրև էր կանխատեսվում։

ԿԳՄՍ փոխնախարարը նշեց, որ համերգը ժամանակից շուտ սկսելու և մասնակցելու առաջարկ, արդեն անձամբ հանդիպելով «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսերին, ներկայացրել է երկրորդ անգամ, սակայն կրկին մերժում ստացել՝ պատճառաբանությամբ, որ իրենք Երևանից ժամանող պատվիրակության են սպասում և միայն նախատեսված ժամին ելույթ կունենան։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30