Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։

Պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները զարգանում են գործընկերության և փոխադարձ վստահության ոգով, առանձնանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարեցտարի աճող երկկողմ տնտեսական ակտիվությամբ, մշակութային ու գիտակրթական փոխգործակցության վերելքով։

Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակ­ներում:

Հայաստանը մշտապես առանձնահատուկ նշանակություն է հաղորդել մեր բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու դրանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով համալրմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առաջ մղել մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում:

Լիահույս եմ, որ տեսանելի ապագայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, նախանշելու երկկողմ համագործակցության նոր հեռանկարները:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30