Ի՞նչ է սպասվում մայիսի 26-ին. վերկուսակցականության ու «կշեռքի» նժարների գործոնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վաղը՝ մայիսի 26-ին, ժամը 16-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հրավիրած հանրահավաքը: Բացի նրանից, որ կերևան շարժման գործունեության, կազմակերպչական, բացատրական աշխատանքների արդյունքները, ըստ հայտարարությունների, սպասվում են նաև մի շարք որոշակիացումներ: Մասնավորապես, Բագրատ Սրբազանն օրերս պարզորոշ նշել էր, որ մայիսի 26-ի հանրահավաքում կարող են իրենց պատասխանն ստանալ պայքարի հետագա ընթացքի, ապագա հնարավոր վարչապետի թեկնածուի հետ կապված ու մի շարք այլ կարևոր թվացող հարցեր: Թեպետ, վարչապետի թեկնածուի հարցի մասին խոսելիս Բագրատ Սրբազանն ասում է. «Դա որքան էլ կոնկրետ օրակարգ է, բայց ամենաառաջնայինը չէ։ Հաշվի առնելով հանգամանքները, ընդհանուր դաշտը, ժողովրդի տրամադրությունները՝ դա չէ առաջնայինը»:

ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդը մայիսի 26-ի հանրահավաքը նախանշում է որպես պայքարի վճռական փուլի մեկնարկ՝ ավելի ինտենսիվ ընթացքով, ինչի վերաբերյալ ևս սպասվում է, որ կարվեն որոշակիացումներ: Նախորդ անդրադարձներում արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ Կիրանցից մեկնարկած այս շարժումը տարածվել է, ստացել համաժողովրդական, կարելի է ասել անգամ՝ համազգային բնույթ: Եվ դա այդպես է: Պետք է նկատել, որ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման այդ ծավալմանը որոշակի չափով նպաստել է նաև… փաշինյանական իշխանությունը: Հասկանալի է՝ անուղղակիորեն: Նպաստել է ոչ միայն իր կործանարար քայլերով, այլև առաջին հերթին անադեկվատ ու ջղագրգիռ արձագանքներով, Հայ առաքելական եկեղեցու դեմ թունոտ, իսկ վերջին օրերին ընդհանրապես թշնամական, նույնիսկ՝ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք պարունակող հայտարարություններով, Հայաստանի տարածքը թշնամուն հանձնելու ուղղությամբ չդադարող գործողություններով:

Մասնավորապես, հենց այս օրերին Փաշինյանի իշխանությունը Կիրանցն ուղղակիորեն կիսում է, կիրանցցիներին պատկանող մի քանի տասնյակ միավոր անշարժ գույք, հողի հետ, անցնում է թշնամուն: Մարդիկ ուզում են այրել իրենց գույքը, իսկ փաշինյանական իշխանության ոստիկանները նույնիսկ դա են խոչընդոտում: Այդ ամենը չի կարող համապատասխան տրամադրություններ չձևավորել, առավել ևս՝ արդեն առանց այդ էլ որոշակիորեն լիցքավորված մթնոլորտում: Միաժամանակ, վերջին երկու շաբաթվա ընթացքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բավականին ակտիվ հանդիպումներ էր ունենում, այդ թվում՝ տարբեր մասնագիտական խմբերի ներկայացուցիչների, հասարակության ամենատարբեր շերտերի հետ, մեդիա առումով շարունակաբար ակտիվ էր և ուշադրության կենտրոնում: Այդ ամենը, ինչպես նաև երկրի ներսում տրամադրությունների որոշակի փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, մայիսի 26ին կզգացվի արդեն հանրահավաքում: Մյուս կողմից՝ հետաքրքիր է հանրահավաքի ու շարժման մասին Սրբազանի նշած «վերկուսակցական» եզրույթը:

Ընդհանրապես, ժամանակ առ ժամանակ թե՛ այս շարժման, թե՛ այլ ակցիաների դեպքում կարելի է հաճախ լսել «ապաքաղաքական» բառը: Բայց ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշել, որ պահանջի, բողոքի, պայքարի որևէ ակցիա չի կարող ապաքաղաքական լինել, դրանք ինքնին քաղաքական գործընթացներ են: Հատկապես նման ընդգրկմամբ ցանկացած շարժում արդեն ինքնին քաղաքական է: Առավել ևս, երբ հռչակված նպատակը իշխանության փոփոխությունն է, էլ չենք ասում երկրի, պետության կառավարման արժեքային, բովանդակային կողմնորոշման մասին, որը տեղով հենց քաղաքական հարց է: Չի կարող քաղաքականությունն ապաքաղաքական լինել, կներեք: Այո, այն, ինչ կատարվում է, գուցե դասական քաղաքական պայքար չէ, ինչին սովորել է մեր աչքը, և, ի դեպ, այդ կարևոր նրբությունը հաշվի չեն առնում բազմաթիվ հարգելի մեկնաբաններ, երբ ինչ-ինչ կանխատեսումներ են անում: Բա՛յց:

Այստեղ ամենակարևոր հարցն այն է, ինչի մասին մենք առիթ ունեցել ենք նշելու, և ինչի մասին ևս մեկ անգամ նախահանրահավաքային իր կոչ-հրավերում ընդգծեց Բագրատ սրբազանը՝ վերկուսակցական պայքար: Այո, ինքնին քաղաքական, բայց վերկուսակցական: Սա հենց այս պայքարի հիմնական առանձնահատկությունը կարող է լինել: Այսինքն, այստեղ չկան կուսակցական դրոշներ, կուսակցական ու խմբակային շահեր, կուսակցական պայմանականություններ, չնայած այն իրողությանը, որ պայքարին միանալու մասին հայտարարել են տասնյակ կուսակցություններ: Եվ շարժումն այստեղ շահեկան դիրքում է, քանի որ այն գլխավորում է ամենից երկարակյաց ու անխափան ազգային ինստիտուտի՝ Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչ՝ ի դեմս Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի: Շարժման առջև դրված խնդիրն ակնհայտ է՝ հեռացնել իշխանությունից երկրի ու ազգի շահերին հակառակ գործողներին:

Ընդհանուր եղանակը նույնպես ակնհայտ է՝ դա անել համաժողովրդական համատարած անհնազանդությամբ՝ խաղաղաբար պարտադրելով հրաժարական ու հետագայում ընդհանրապես քաղաքականությունից հեռացում: Ուրեմն, նախ այս մասին պետք է մտածել: Սա ընդգծում ենք, քանզի նկատում ենք, որ առանձին հայրենակիցներ փորձում են վերստին բոբիկանալ՝ դեռ ջուրը չտեսած: Ինչ վերաբերում է հաճախ հնչող հարցին, թե «ինչ կլինի հետո», ապա, կարծում ենք, այդ առումով ընդամենը պետք է ընդգծել մի քանի հիմնական, սկզբունքային պահ: Առաջինն այն է, որ Փաշինյանից ազատվելուց հետո ձևավորվելիք ժամանակավոր կառավարությունը նույնպես պետք է ձևավորվի

ա) վերկուսակցականության,

բ) պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով:

Իսկ հետո նոր կարելի է մտածել խորհրդարանական ընտրությունների մասին: Այ, այն ժամանակ, առանց ժամանակավոր վարչապետի մասնակցության թող ընտրվի այն ուժը, որին մեր հանրությունը կվստահի:

Առանց վարչական ռեսուրսի ու ընտրախախտումների: Իսկ հիմա կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու դիրքորոշումը, դիրքավորումը: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանից ազատվելու ցանկություն ունեցողների մեջ ոչ շատ, բայց նկատվում են անհատներ, որոնք մտմտում են՝ կստացվի՞, թե՞ ոչ: Իրականում որևէ մեկի մասնակցությունը չպետք է պայմանավորված լինի հնարավոր ելքի կանխագուշակությամբ ու կշեռքի նժարի տատանումներով…»:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930