Տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի բնակիչներն իրենց զայրույթն են հայտնում, որ պատկան մարմինները տևական ժամանակ է՝ անտերության են մատնել 39 փողոցում բնակվող բազմաթիվ բնակիչների խնդրանքը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Գրեթե ամեն օր նշված փողոցը վերածվում է Վենետիկի:
Բնակիչները չգիտեն՝ խմելու, ոռոգման թե կոյուղու ջրեր են դրանք:
Փողոցի հարևանությամբ կա դպրոց, մանկապարտեզ, խանութներ, ու մարդիկ մեծ դժվարությամբ են տեղաշարժվում, քանի որ տիրում է նաև հակասանիտարական վիճակ:
Կայքի հետ զրույցում բնակիչներից մի քանիսը նշել են. ««Վեոլիա ջուրը» ասում է՝ դա իմ գործը չէ, մենք էլ չգիտենք՝ որ կառույցին դիմենք: Մի քանի անգամ Զովունիի գյուղապետն է փորձել հնարավորության սահմաններում հարցը լուծել, սակայն ինչպես տեսնում եք՝ չի կարգավորվում:
Հիմա ուզում ենք դիմել Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, որպեսզի ինքը էս գործին խառնվի և վստահ ենք՝ գուցե սայլը տեղից շարժվի:
Ծնողները երեխաներին էս փողոցը գրկած են անցկացնում: Ջուրը անգամ մարդկանց տների նկուղներն է լցվում, կուտակվում մուտքերի մոտ ու այս պահին էլ չգիտենք՝ որ կառույցը մեզ օգնության ձեռք կմեկնի:
Բավականին լուրջ խնդիր է նաև այն, որ այս ճանապարհը, որն ամբողջությամբ ավերակ էր, Կառավարության շնորհիվ հիմնովին նորոգվել ու ասֆալտապտվել է»: