Կիրանցի բնակիչները փակել են ճանապարհը

Կիրանց գյուղի բնակիչները վաղ առավոտից փակել են ճանապարհը։

Մեքենաները շրջանցում են այս հատվածն Աջարակուտով։

Երեկ հրապարակված քարտեզների հիման վրա մասնագետներն այսօր առավոտյան սկսել են գյուղում չափագրումները։ MediaHub-ի լրագրողի հետ զրույցում հայտնել է Կիրանցի մոտ՝ ճանապարհին հավաքված բնակիչներից մեկը։

«Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, իմ արվեստանոցը, դպրոցն է քանդվելու, հարևանիս տունը, իմ տունը։ Այս ամենը պետք է քանդվի, որ ճանապարհն անցնի։ Թույլ չենք տալու ոչ մի բան», — նշել է ակցիայի մասնակիցը։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ ճանապարհը փակած քաղաքացիներին այցելեց մարզպետ Հայկ Ղալումյանը, ով առաջարկեց փակ հանդիպում անցկացնել: Բնակիչների մի մասը մասնակցում է այդ հանդիպմանը, իսկ ճանապարհը շարունակում են փակ պահել և նշել, որ թույլ չեն տալու ոչ մի այլընտրանքային ճանապարհի կառուցում և հանձնում:

Այլընտրանքային ճանապարհն անցնելու է գյուղի դպրոցի և եկեցեցու միջով, եթե գործողությունները սկսեն երեկ հրապարակված քարտեզներով:

Երեկվանից ակցիաներին մասնակցում է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տավուշցի Գառնիկ Դանիելյանը, ինչպես նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը ողջ գիշերն անցկացրել է Բաղանիսում տեղի բնակիչների հետ, իսկ այս պահին գտնվում են Կիրանցում:

Նշենք՝ Տավուշում գիշերն իրավիճակը լարված է եղել, հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։

Ակցիայի ժամանակ հավաքվել են բնակիչներ Բաղանիսից, Ոսկեպարից, Կիրանցից, Բարեկամավանից, Կոթիից, Դիլիջանից, Իջևանից և Տավուշի այլ բնակավայրերից։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Մեր ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ այսօրվա հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս — Բաղանիս Այրում, Ոսկեպար — Աշաղը Ասկիպարա, Կիրանց — Խեյրումլի և Բերքաբեր — Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031