Ռուսաստանը Թուրքիային խնդրել է վերադարձնել մատակարարված С-400-ները՝ ՀՕՊ-ի պակասի պատճառով

Մոսկվան Անկարային առաջարկել է հետ գնել Թուրքիային մատակարարված С-400 զենիթահրթիռային համալիրները՝ սեփական պահեստներում այդ համակարգերի պակասի պատճառով, հայտնում է թուրքական Nefes պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործել է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) բոլոր մատչելի համակարգերը և հետևաբար, չի կարող С-400 գնելու ցանկություն ունեցող այլ երկրներին պատրաստի համալիրներ առաջարկել։ Միևնույն ժամանակ, Թուրքիան, որը С-400-ը ստացել է 2019 թվականին, գործնականում չի օգտագործում դրանք, քանի որ դրանք չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի ստանդարտներին։

Բացի այդ, Անկարան «Երկաթե գմբեթ» ծրագրի շրջանակներում ակտիվորեն զարգացնում է սեփական ՀՕՊ համակարգերը՝ ձգտելով նվազեցնել կախվածությունը օտարերկրյա մշակումներից։ Ինչպես նշել են Nefes-ի աղբյուրները, С-400-ի հետ մատակարարված հրթիռների ծառայության ժամկետն արդեն կիսով չափ սպառվել է, ինչը նվազեցնում է համալիրների արժեքը Թուրքիայի համար։ Ռուսաստանին համալիրները հետ վաճառելու մեկ այլ պատճառ կարող է լինել С-400-ի գնման համար Թուրքիային նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրից ԱՄՆ-ի կողմից բացառելու որոշումը, հստակեցրել են թուրքական պարբերականի զրուցակիցները։ Միևնույն ժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Անկարայում գտնվող աղբյուրը հայտնում է, որ համալիրները Մոսկվային վերադարձնելու հարցը թուրքական կողմը ներկա պահին չի քննարկում։

Ռուսաստանն ու Թուրքիան С-400-ի չորս դիվիզիոնների մատակարարման համար պայմանագիր են կնքել 2017 թվականին՝ ընդհանուր $2,5 մլրդ արժողությամբ։ Սակայն, բախվելով ԱՄՆ-ի ճնշումներին, Անկարան չի օգտագործել դրանք։ 2024 թվականին Cumhuriyet թերթը գրել էր, որ Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է ռուսական համալիրները պահեստներում թողնել՝ փոխարենը F-35 կործանիչներ վաճառելու դիմաց։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս առարկություններ չունի երկրի կողմից ռուսական համակարգերի օգտագործման վերաբերյալ։

Իսրայելի և Իրանի միջև այս տարվա հունիսին սկսված պատերազմի ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ С-400 համալիրները չեն կարող լիովին բավարարել երկրի ՀՕՊ-ի կարիքները։ Նա հիշեցրել է սեփական զենիթահրթիռային համակարգերի՝ Siper, Korkut, Hisar և Sungur-ի մշակման մասին, որոնք, իր խոսքով, չէին ստեղծվի, եթե երկիրը «իր տեղում» նստեր և հույս դներ «ինչ-որ մեկից» սպառազինություն գնելու վրա։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930