ԵՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը կարող է խափանվել Նյու Դելիի՝ իր բրինձը «բասմատի» անվանումով պիտակավորելու բացառիկ իրավունքներ ստանալու ցանկության պատճառով, ինչը կարող է լարվածություն առաջացնել Բրյուսելի և Իսլամաբադի միջև, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Անանուն եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ-ի հետ բանակցությունների ընթացքում Հնդկաստանը պնդել է «բասմաթի» մակնշման բացառիկ օգտագործումը՝ բացառապես Հնդկաստանի տարածքում աճեցված բրինձը նշելու համար։ Եվրամիությունը, իր հերթին, «ժամանակ է ձգում», քանի որ այդ քայլը կհանգեցնի համայնքի և Պակիստանի միջև հարաբերությունների ապակայունացման։
Նշվում է, որ Հնդկաստանը Եվրամիության շուկայում «բասմաթի» անվանման բացառիկ օգտագործման համար հայտ էր ներկայացրել 2018 թվականին։ Նմանատիպ հայտ Պակիստանը ներկայացրել է 2023 թվականին։ Այնտեղ ասվում էր, որ բասմաթի բրինձն աճեցվում է միայն որոշակի տարածքներում, այդ թվում՝ Իսլամաբադի վերահսկողության տակ գտնվող չորս շրջանների տարածքում։ ԵՄ-ն նույնպես չի ցանկանում հաստատել նման հայտը, քանի որ դա փաստացիորեն կնշանակեր Պակիստանի ինքնիշխանության ճանաչում այդ հողերի նկատմամբ, ինչը կսրեր հակասությունները Հնդկաստանի հետ։ Այժմ երկու երկրների դիմումները «զուգահեռաբար» քննարկվում են Բրյուսելում, իսկ Եվրահանձնաժողովը (ԵՀ) տեղյակ է հայտերի «նրբանկատ բնույթի» մասին։
Հնդկաստանն ու Եվրամիությունը մի քանի տարի շարունակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ են վարում։ Դրանք սկսվել են դեռևս 2007 թվականին, սակայն 2013 թվականին դադարեցվել են կողմերի միջև մտավոր սեփականության իրավունքների, ՏՏ ոլորտի ընկերություններում տեղեկատվական անվտանգության և որոշ ապրանքների, օրինակ՝ ավտոմեքենաների ընդհանուր շուկա մուտքի հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով։ Բանակցությունները վերսկսվել են 2022 թվականին։ Ակնկալվում է, որ համաձայնագիրը կարող է կնքվել մինչև տարեվերջ։