Հրավիրված մամուլի ասուլիսին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է հասարակական տրանսպորտում չվճարելու համար տուգանվող քաղաքացիներին: Նրա խոսքով՝ տուգանված քաղաքացիների թիվը 200-ից ավելին է:
«Շատ մեծ փոփոխություն ունենք օգոստոս ամսին վալիդացիաների թվի, այսինքն կտրուկ աճ է տեղի ունեցել` մոտ 15-18% և մինչ այս պահը շարունակաբար աճում են այդ թվերը»,- ասաց նա:
Քաղաքապետի խոսքով՝ այս վարչարարությունը հնարավորություն է տվել վերականգնել ֆինանսական ներհոսքը, որն ուղղվում է նույն այս տրոլեյբուսների, ավտոբուսների գնմանը և այս ենթակառուցվածքի պահպանմանը:
«Այսինքն, երբ որ մարդը վճարում է տրանսպորտի համար, վստահորեն պետք է իմանա, որ այս այս ֆինանսավորումը հենց տրանսպորտի համար է, որ մենք կարողանանք էլի տրոլեյբուս բերել, էլի ավտոբուս բերել և այդպես շարունակ»,- ասաց Ավինյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ից երևանյան տրասնպորտում ստուգումներ են իրականացնում տեսուչները: Չվճարողներին տեսուչները տուգանում են 3 հազար դրամ՝ ուղետոմսը չվավերացնելու համար, 10 հազար դրամ՝ ուղղակի չվճարելու, և 15 հազար դրամ՝ ուրիշի զեղչված ուղետոմսն օգտագործելու համար: