Ռազմավարական հավասարակշռություն ապահովելու համար երկարաժամկետ ռազմավարություն է անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք այդ ուղղությամբ շարժվելով, նաև մարտավարական խնդիրներ լուծելով, լուծենք մեր հարցերը և կարողանանք անվտանգություն ապահովել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր խոսքում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Որպեսզի կարողանանք անվտանգություն ապահովել և ադապտացվենք մեր միջավայրին, առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղություն։ Դա է մեր ռազմավարական առաջնահերթ նպատակը։ Նաև խաղաղություն ունենալուց հետո ինստիտուցիոնալիզացնել և այն դարձնել ամենօրյա հոգատարության աշխատանք, բայց նաև անվտանգության կառույցների ադապտացման համար միջավայր ձևավորել։
Անվտանգության մասով նաև անհրաժեշտ է կարողանալ ընդհանուր պետությունը ադապտացնել, որովհետև կարծում եմ՝ վերջին չորս-հինգ տարիների ընթացքում Հայաստանի շուրջ ստեղծված սպառնալիքների այն մեծ փունջը, որ մենք ունեցել ենք, նաև կարողացել ենք մեծ մասը լուծել՝ ադապտացվելով այդ նոր միջավայրին։ Այնպես չի, որ մենք այն, ինչ այսօր ունենք, դա միանգամից է տրվել, դրա համար ժամանակ է պետք եղել։ Մենք հիմա հասել ենք այս կետին, բայց այնպես չի, որ միջավայրը ստատիկ է։ Դրա հիմնական պատճառներից մեկը ըստ մասնագետների, տեխնոլոգիաներն են, որոնք մեծ հնարավորություն են ստեղծել գործընթացներ ակսելերացնելու։
Հաճախ պետությունների ամենամեծ սպառնալիքը նոր ստեղծած միջավայրին ադապտացվելն է։ Օրինակ, վերջին իմ այցի ընթացքում ամենահաճախ լսվող մտքերից մեկը այն էր, որ վերջին 30-40 տարվա փորձը այլևս անցյալում է։
Օրինակ, Վիեննայում, 3-4 տարի առաջ, ես երբեք չէի սպասի, որ այդպիսի մտքեր կլինեին, երբ նրանք քննարկում են պարտադիր զանգվածային զինծառայությունից սկսած հարցեր, որովհետև բոլորի անվտանգային միջավայրը շատ արագ փոխվում է»,– հայտարարեց Արմեն Գրիգորյանը։