Չնայած Հայաստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների թվի աննախադեպ աճին՝ կառավարությունը որոշել է սեպտեմբերից կրճատել պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժահոգեբանական ծառայություններ մատուցող մասնագետների հաստիքները։ Խոսքը հատուկ մանկավարժների, լոգոպեդների, սոցիալական մանկավարժների և հոգեբանների մասին է։
Խնդրի մասին NEWS.am-ին ահազանգել են ԿԱՊԿՈՒ երեխաների ծնողներն ու մանկավարժները, որոնցից շատերը միայն վերջերս են տեղեկացել գործադիրի կողմից ընդունված որոշման մասին։ Խոսքը Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի՝ «ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N1485-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման մասին է, որով վերանայվել են նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժահոգեբանական ծառայություն մատուցող մասնագետների (հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ, հոգեբան) հաստիքային միավորների քանակը՝ գործող հաստիքացուցակում սահմանված մինչև 4 հաստիքից նվազեցվելով մինչև 1.5 հաստիքային միավորի:
Մասնավորապես՝ նոր փոփոխություններով սահմանվել է մանկավարժահոգեբանական ծառայություն մատուցող մասնագետի 1 հաստիքային միավոր, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 15 սանից ավելի յուրաքանչյուր 7 սանի համար՝ 0,5 միավոր:
Մինչդեռ գործող հաստիքացուցակի համաձայն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մինչև 5 երեխայի առկայության դեպքում սահմանված է սոցիալական մանկավարժի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, հոգեբանի 2 հաստիքային միավոր, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 10 և ավելի երեխայի առկայության դեպքում՝ 4 հաստիքային միավոր: Ընդ որում՝ այս մասնագետների հաստիքների ընտրությունը կատարում է հաստատությունը՝ հաշվի առնելով հատկացված հաստիքների քանակը: Այսպիսով՝ ստացվում է, որ նոր փոփոխություններից հետո մանկապարտեզների տնօրեններն են կանգնելու ընտրության առաջ՝ ում պահել և ում կրճատել։
Ոլորտի մասնագետները կանխատեսում են, որ հիմնական հաստիքի դեպքում, ամենայն հավանականությամբ, նախապատվությունը տալու են հոգեբաններին, քանի որ նրանք ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն են ցուցաբերում ոչ միայն երեխային, նրա ծնողին, այլև մանկավարժական աշխատողներին: Ինչ վերաբերում է հոգեխոսքային զարգացման հապաղումներ կամ հնչարտասանական խնդիրներ ունեցող երեխաներին, որոնց թիվը մանկապարտեզներում տարեցտարի աճում է, ապա նրանք ստիպված են լինելու ապավինել Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) աջակցությանը և նրանց կողմից գնահատման իրենց հերթին:
Մինչդեռ ծնողների շրջանում քիչ չեն դժգոհությունները, որ երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը հաճախ կարող է ձգվել մինչև մեկ տարի, իսկ ՏՄԱԿ-ներում աշխատող նեղ մասնագետները հազիվ են հասցնում սպասարկել արդեն իսկ գնահատված երեխաներին: Իսկ նման իրավիճակում ծնողները ստիպված են լինում դիմել մասնավոր կենտրոններին, որոնք շատ դեպքերում դժվարհասանելի են անգամ վճարունակ համարվող խավի համար: Ուսումնասիրելով կառավարության որոշման ընդունմանը նախորդած գործընթացները՝ NEWS.am-ն ուշագրավ մանրամասներ պարզեց: Մասնավորապես՝ պարզվում է, որ այս փոփոխությունը նախաձեռնելուց առաջ իրավասու մարմինները խնդիրը չեն քննարկել ոլորտի մասնագետների հետ և հաստիքացանկը վերանայել ու ընդունել են՝ հիմնվելով բացառապես պետական գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունների վրա:
Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանին հետաքրքրել է միայն հաստիքացուցակում հաշվապահի և գործավարի հաստիքների հարցը, որպեսզի վերջիններս ապահովեն պատշաճ փաստաթղթաշրջանառությունը, ինչը կառավարությունն ընդունել է: Իսկ կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաներին տրամադրվող մանկավարժահոգեբանական կազմի հաստիքների վերաբերյալ հարցը բարձրացրել է միայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ առաջարկելով հաստիքային միավորները բաշխել ոչ միայն երեխաների թվաքանակով, այլ հաշվի առնելով նրանց հատուկ կարիքները՝ երեխաների առողջական վիճակը, զարգացման խնդիրները, կրթական առանձնահատուկ պահանջները և սոցիալական գործոնները: Ըստ ՏԿԵՆ-ի՝ այս մոտեցումը կօգնի ճշգրիտ և անհատական գնահատել յուրաքանչյուր հաստատության համար անհրաժեշտ մասնագետների պահանջը՝ հիմնվելով իրական կարիքների վրա, իսկ փոփոխությունը կնպաստի կրթական և զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացմանը՝ ապահովելով որակյալ ու համապարփակ աջակցություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին: Մինչդեռ նախարարության այս առաջարկը կառավարությունը չի ընդունել:
Նշենք, որ Հայաստանում տարեցտարի ավելանում է նախադպրոցական հաստատություններ հաճախող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը: Համաձայն պաշտոնական տվյալների՝ միայն Երևանի նախադպրոցական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 33.2%-ով։ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 162 նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը 2024 թվականին կազմել է 684, 2025 թվականին՝ 911, իսկ միայն 2026 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ 761: Սակայն այս թիվը միայն գնահատված երեխաների թիվն է, մինչդեռ իրական պատկերը շատ ավելի մտահոգիչ է:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակել և երաշխավորել է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունը, հասանելիությունն ու որակը՝ որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, անվտանգ միջավայրի ստեղծման, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարևոր երաշխիք: «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում՝ նախադպրոցական (մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից), տարածքային (տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից) և հանրապետական (հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից)։
NEWS.am-ի տեղեկություններով՝ նշված խնդրի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները: Թեմայի շուրջ ակտիվ քննարկումներ են ծավալվում նաև սոցիալական ցանցերի մասնագիտական հարթակներում։ Մասնավորապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Հոգեբանների աշխատանքային խմբում» մասնագետները մտահոգություն են հայտնել, որ նախատեսվող փոփոխությունները բացասաբար կանդրադառնան ոչ միայն կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, այլև դաստիարակների վրա, որոնք մինչ այժմ օժանդակ մասնագետների կողմից մեծ աջակցություն էին ստանում։
«Մասնագետները հենց մանկապարտեզում են բացահայտում երեխաների կարիքները, ինչը խնդիրը հաղթահարելու կարևորագույն գրավականն է, քանի որ վաղ միջամտությունը կենսական նշանակություն ունի»,– նշել է մասնագետներից մեկը։ Մյուս մասնագետները հետաքրքրվել են, թե ի՞նչ հաշվարկների հիման վրա է հաստատվել 0,5 դրույքի հարաբերակցությունը՝ 7 սանի համար։ Նրանք բարձրացրել են հարցը, թե արդյո՞ք հաշվի է առնվել այն ժամանակը, որը մասնագետը պետք է տրամադրի ոչ միայն երեխայի հետ անհատական աշխատանքին, այլև թղթաբանությանը, ծնողների խորհրդատվությանը և դաստիարակների հետ համագործակցությանը։
Քննարկման մասնակիցները նաև մտահոգություն են հայտնել, որ փոփոխությունների հետևանքով ծնողները ստիպված կլինեն օգտվել վճարովի ծառայություններից։ «Յուրաքանչյուր ծնող չէ, որ ֆինանսապես հնարավորություն ունի օգտվելու հոգեբանի կամ լոգոպեդի մասնավոր ծառայություններից։ Միջինում 40 րոպեն արժե 10.000 դրամ. ստացվում է՝ ծնողը շաբաթական ամենաքիչը 20.000 դրամ պետք է վճարի՝ երեխային մասնագետի տանելու համար»,- նշել է մասնագետներից մեկը։ Մասնագիտական համայնքում նաև նկատում են, որ հատկապես ավագ խմբերում տարեցտարի ավելանում է հնչարտասանական խնդիրներ ունեցող երեխաների թիվը։ Եթե երեխան գնահատման կարիք չունի, բայց պարտադիր աջակցության կարիք ունի նախադպրոցական հաստատության նեղ մասնագետի կողմից, ապա 0,5 դրույքի սահմաններում ինչպե՞ս է դա իրականացվելու, երբ ՏՄԱԿ-ները պարտադրում են առաջնահերթ աշխատել գնահատված երեխաների հետ։ Որոշ մասնագետների կարծիքով՝ այս փոփոխություններով փորձ է արվում նախապատվությունը տալ ՏՄԱԿ-ների մասնագետներին, որոնք, սակայն, ֆիզիկապես ի վիճակի չեն լինի սպասարկել բոլոր երեխաներին։
Մասնագիտական համայնքը միակարծիք է՝ զարգացման հապաղումներ ունեցող երեխաների խնդիրները նախադպրոցական տարիքում չլուծելու դեպքում դրանք հետագայում՝ դպրոցում, էլ ավելի կխորանան։






































