Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում օգտագործել են Tomahawk թևավոր հրթիռների իրենց պաշարի ավելի քան մեկ երրորդը, ինչպես նաև THAAD և Patriot համակարգերի հրթիռների մոտ կեսը։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Փեթ Ռայանը՝ Նյու Յորք նահանգից։
Նա ընդգծել է, որ միայն հակամարտության առաջին չորս շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը կիրառել է բարձր ճշգրտության սպառազինության զգալի ծավալներ՝ ավելի քան 1000 JASSM հրթիռ, ինչը կազմում է արսենալի մոտ 20%-ը, և ավելի քան 850 Tomahawk հրթիռ՝ պաշարների ավելի քան 30%-ը։
«Հիմնականում պատերազմի առաջին չորս շաբաթվա ընթացքում մենք ծախսել ենք մեծ հեռահարության հրթիռների ահռելի քանակություն՝ ավելի քան 1000 JASSM հրթիռ, որը մեր արսենալի 20%-ն է, ավելի քան 850 Tomahawk հրթիռ, այսինքն՝ մեր արսենալի 30%-ից ավելին… Այսպիսով, չորս շաբաթվա ընթացքում օգտագործվել է 10 տարվա պաշար՝ եթե հիմնվենք արտադրության ներկայիս տեմպերի վրա»,- Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է նա։
Կոնգրեսականը նշել է նաև, որ այդ ժամանակահատվածում օգտագործվել է THAAD և Patriot ՀՕՊ/ՀՀՊ համակարգերի հրթիռների մոտավորապես 50%-ը։
Ըստ նրա՝ տվյալները հաստատվում են ԱՄՆ վերլուծական կենտրոնների և այլ անկախ աղբյուրների գնահատականներով։ Ռայանն ընդգծել է, որ սպառազինության նման լայնամասշտաբ ծախսն արդեն իսկ ազդում է Պենտագոնի օպերատիվ պլանավորման վրա։
Նա նաև հավելել է, որ Իրանի զինված ուժերը ցուցադրում են զգալի ներուժ՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաներին։
Ավելի վաղ ԱՄՆ Հրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հիթ Քոլինզը խոստովանել էր, որ ծախսված զինամթերքի համալրման համար կարող են տարիներ պահանջվել։






































