ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին որոշումը ներկայացրել է իբրև պատասխան պակիստանցի միջնորդների խնդրանքին, այլ ոչ թե որպես հակամարտությունը շարունակելու դժկամություն: Դրա մասին հայտնում է Al Jazeera-ն:
Վաշինգտոնից թղթակցի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմում մինչև վերջին պահը հստակություն չկար, թե ինչով կավարտվեն քննարկումները՝ հրադադարի երկարաձգմա՞մբ, թե՞ լարվածության ավելի սրացմամբ:
Նշվում է, որ Սպիտակ տանը հավաքվել էր ազգային անվտանգության ամբողջ թիմը, ներառյալ փոխնախագահը և առանցքային խորհրդականները, սակայն հանդիպման ելքը մնում էր անորոշ:
Միևնույն ժամանակ, Թրամփն ավելի վաղ ակնարկել էր, որ շրջափակումը համարում է Իրանի վրա ճնշում գործադրելու կարևոր գործիք՝ նրան բանակցությունների սեղան վերադարձնելու համար:
Ինչպես ընդգծում է Al Jazeera-ն, հրադադարի երկարաձգումը կարող է պայմանավորված լինել նաև այն փաստով, որ պատերազմի շարունակությունը ժողովրդականություն չի վայելում ԱՄՆ-ի ներսում և քաղաքական ռիսկեր է պարունակում հենց Թրամփի և Հանրապետական կուսակցության համար:






































