2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան սահմանային զnհեր․ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում․ Նիկոլ Փաշինյան

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա և խաղաղության գործընթացն իր գագաթնակետին է հասել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին ընդունված համատեղ հռչակագրի ստորագրմամբ: Վարչապետի խոսքով՝ առանց ԱՄՆ նախագահի մասնակցության, անձնական ներգրավվածության և նախաձեռնության խաղաղության գործընթացն անորոշ կլիներ, և միանշանակ է, որ ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը և մասնակցությունը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության համար:

«Հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ հայկական և ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով չեղան սահմանային զոհեր: Եվ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ խաղաղությունը կառուցման փուլում է, որի մասին պետք է հոգ տանել: «Դա է հիմնական գաղափարը, որը ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել, և դրա համար մեզ անհրաժեշտ է շարունակաբար ջանք գործադրել, քանի որ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ»,- ասել է վարչապետը:

Երկրի ղեկավարը խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման համար այնպիսի կարևոր փուլերի մասին, որոնցից է՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ դրանով Հայաստանը և Ադրբեջանը որոշեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728