Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանն աշխարհի ամենաբարդ ցատկը կանի, եթե համոզվեմ, որ լիարժեք ապաքինված է

Արթուր Դավթյանի ցատկը կբարդացնենք, եթե ես համոզվեմ, որ վնասվածքը լիարժեք ապաքինվել է: Կա մի ցատկ, որն անում է Արթուրը: Եթե մենք փորձենք, կլինի աշխարհի ամենաբարդ ցատկը եւ կկրի «Դավթյան» անունը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որն ամփոփել է աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքները:

Հայաստանի թիմն օրերս է վերադարձել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքից, որտեղ մասնակցում էր աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին: Հակոբ Սերոբյանի գլխավորած թիմը 6 օրում մասնակցել է աշխարհի գավաթի երկու փուլի եւ նվաճել 6 մեդալ՝ 3 ոսկի, 2 արծաթ եւ մեկ բրոնզ:

«Աշխարհի գավաթի փուլերն այս տարի մեզ համար մասնակցության առումով մի փոքր բարդ անցավ: Պետք է լիներ 6-ը, մեկը չեղարկվեց, դարձավ 5-ը, մենք մասնակցեցինք երեքին: Բաքվի փոխարեն գնացինք Դոհա հավաքի, սկսվեց պատերազմական գործողությունները, չկարողացանք վերադառնալ եւ բաց թողեցինք Անթալիայի փուլը: Սա մեր միավորների վրա շատ ազդեց: Այնտեղ շատ ցածր արդյունքներ են գրանցվել: Եթե մենք մասնակցեինք, լավ միավորներ կունենայինք, որի արդյունքում ոչ թե մեկ բացարձակ գավաթակիր կունենայինք, այլ՝ երկուսը կամ երեքը: Ցանկացած դեպքում 4 ոսկե մեդալ ենք նվաճեց երեք փուլերում, 3 արծաթ եւ մեկ բրոնզ: Շատ լավ արդյունք է, բայց մեր հնարավորությունների չափը չէր: Մամիկոն Խաչատրյանի համար եմ ասում: Գոհ եմ, 4 մասնակից, երեք փուլերում էլ բոլորը եզրափակիչ դուրս եկան:

Արթուր Դավթյանից էլ եմ գոհ, նա շատ լավ հանդես Օսիյեկում: Վերջին փուլն, ասես, աշխարհի առաջնություն լիներ, քանի որ բոլոր ուժեղները մասնակցում էին՝ օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն, աշխարհի մեդալակիրների: Նշեմ, որ Ռուսաստանն էլ էր մասնակցում: Կարող էինք ավեի լավ հանդես գալ, Մամիկոնը կարող էր գավաթակիր դառնալ: Իր հնարավորությունը չօգտագործեց:

99 տոկոս մեր հարցերը լուծեցինք: Այս տղաները մեր ապագան են: Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը դեռ շատ լավ նվաճումներ են ունենալու: Արթուր Դավթյանը 34 տարեկան է, իմ ամբողջ մտածմունքն այն է, որ հանկարծ վնասվածք չունենա: Երբ նա ցատկում է, գնահատակին չեմ նայում. առաջինը հարցնում եմ՝ ոտքդ ինչպես է, մեջքդ, գլուխդ:

Արթուր Դավթյանի ցատկը բարդացնելու մասին դեռ մտածում ենք: Անգլիացին նրան հաղթեց բարդությամբ, բայց Արթուրից լավ չարեց: Հետեւում եմ Արթուրի վնասվածքին: Ապաքինվել է, ասում է՝ լավ է: Եթե այսպես շարունակվի, կա մի ցատկ, որը նա կարող է անել: Այդ ցատկը ոչ թե 4 տասնորդական, այլ միանգամից 8 կբարձրացնի: Այդ ցատկն Արթուրինն է եւ կունենա «Դավթյան» անունը եւ կլինի աշխարհի ամենաբարդ ցատկը: Մենք դրան կգնանք այն դեպքում, երբ վնասվածքը լրիվ վերականգնված լինի, ես համոզվեմ, որ լիարժեք ապաքինված է: Այդ ժամանակ միայն կարելի է փորձել: Ինձ համար կարեւոր է, որ տղաները վնասվածքներ չունենան:

Աշխարհի գավաթի խաղարկության փուլերում մի շատ լավ բան էլ տեղի ունեցավ: Արթուր Ավետիսյանն ամուսնացավ ու անմիջապես եկավ մյուս փուլերին: Երբեք աշխարհի գավաթակիր չէր դարձել: Ամուսնությունը դրական ազդեցություն է ունեցել, փաստորեն: Հիմա սպասենք՝ մի երեխա էլ ունենա, երեւի ավելի բարձր նվաճումներ կունենանք»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930