ԱՄՆ-ը Ժնևում բանակցություններ է վարել ռուսական պատվիրակության հետ և երեքշաբթի նախատեսում է հանդիպել Չինաստանի հետ՝ քննարկելու միջուկային զենքի վերահսկման հնարավոր բազմակողմ պայմանագիրը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյային։
Վաշինգտոնը պաշտպանում է նոր, ավելի լայն պայմանագիր, որը կներառի Չինաստանը և Ռուսաստանը ԱՄՆ-Ռուսաստան ռազմավարական զենքի կրճատման պայմանագրի (New START) ժամկետի լրանալուց հետո։
Այս ամսվա սկզբին Չինաստանի զինաթափման հարցերով դեսպան Շեն Ծյանը հայտարարել էր, որ իր երկիրը այս փուլում չի մտադիր մասնակցել Մոսկվայի և Վաշինգտոնի հետ միջուկային զենքի վերահսկման վերաբերյալ նոր բանակցություններին։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք երեքշաբթի օրվա հանդիպումները կլինեն պաշտոնական բանակցություններ։
Փետրվարի սկզբին ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրեց 2020 թվականի հունիսին գաղտնի միջուկային փորձարկում անցկացնելու մեջ, ինչը Շենը կտրականապես հերքեց։
Ըստ Պետքարտուղարության ներկայացուցչի՝ ԱՄՆ-ն ավելի վաղ կառուցողական երկկողմ բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են։
«Հաջորդ տրամաբանական քայլը Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամների ներգրավումն էր»,- նշել է աղբյուրը՝ հավելելով, որ ամերիկյան կողմը լավատեսորեն է տրամադրված։






































