Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը, որը նախատեսված է երկրի ֆինանսական վիճակը կայունացնելու համար, գրում է The Financial Times-ը՝ հղում անելով չորս աղբյուրների:
Նշվում է, որ Հունգարիայի դեսպանը խոչընդոտել է ԵՄ-ին վարկը տրամադրել Կիևին՝ թողարկելով ԵՄ բյուջեով երաշխավորված պարտատոմսեր:
Վարկի վերաբերյալ ԵՄ առաջնորդները համաձայնություն են տվել անցյալ տարվա դեկտեմբերին: Հունգարիան, Սլովակիան և Չեխիան համաձայնել են օգնել Ուկրաինային միայն այն պայմանով, որ իրենք պատասխանատու չեն լինի մարման և տոկոսների վճարման համար:
«Սկայն դեռևս անհրաժեշտ է միաձայն որոշում, որը Եվրոպական հանձնաժողովին հնարավորություն կտա օգտագործել ԵՄ բյուջեի այսպես կոչված բուֆերը՝ Ուկրաինային վարկեր վերցնելու և վարկեր տրամադրելու համար»,- պարզաբանում է Financial Times-ը:
Պարբերականը նշում է, որ Հունգարիայի վետոն սպառնում է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի 8 միլիարդ եվրոյի ծրագրին, որը կախված է ԵՄ վարկից: Բուդապեշտի դիրքորոշումն, ըստ Financial Times-ի, կապված է երկրում ապրիլյան ընտրությունների հետ. դրանցից առաջ վարչապետ Վիկտոր Օրբանն ուժեղացրել է իր հակաուկրաինական հռետորաբանությունը։
«Առանց վարկի՝ Ուկրաինան երկրորդ եռամսյակում ֆինանսական փլուզման վտանգի տակ է»,- զգուշացնում է պարբերականը։
Ավելի վաղ Հունգարիան և Սլովակիան դադարեցրել էին դիզելային վառելիքի մատակարարումը Ուկրաինա՝ Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով ռուսական էներգիա մատակարարելուց հրաժարվելու պատճառով։ Ուկրաինան պնդում է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների հետևանքով, սակայն Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունները Կիևին կասկածում են խաբեության մեջ։






































