Հայտնի է ձմեռային Օլիմպիական խաղերում Հարություն Հարությունյանի արդյունքը

Իտալական Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի լեռնադահուկային սպորտի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանն ավարտել է իր մրցելույթները։

Հայ մարզիկի վերջին մեկնարկը ոլորավայրէջք (slalom) մրցաձևում է, որտեղ, ցավոք, նրան չի հաջողվել տեղ զբաղեցնել ամփոփիչ արձանագրությունում։ Առաջին վայրէջքից հետո Հարությունյանը ցույց է տվել 1:10.12 ժամանակ և ընթացել 37-րդ հորիզոնականում։ Սակայն վճռորոշ՝ երկրորդ փորձի ժամանակ նա խախտում է թույլ տվել մրցուղում, ինչի պատճառով որակազրկվել և դուրս է մնացել պայքարից։

Մրցումային օրը բավականին բարդ է ստացվել նաև համաշխարհային աստղերի համար․ 57 լեռնադահուկորդ չի կարողացել հատել եզրագիծը կամ որակազրկվել։ Նրանց թվում են հսկա ոլորավայրէջքի օլիմպիական չեմպիոն, բրազիլացի Լուկաս Պինեյրո Բրոտենը և առաջին փորձի առաջատար, նորվեգացի Ատլե Լի Մաքգարտը։ Արդյունքում հաշվարկային տեղ է գրավել ընդամենը 39 մարզիկ։

Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է շվեյցարացի Լոիկ Մեյարը։ Պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնել է ավստրիացի Ֆաբիո Գշտրայնը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նորվեգացի Հենրիկ Կրիստոֆերսենը։

Ավելի վաղ՝ փետրվարի 14-ին, Հարություն Հարությունյանը հանդես էր եկել նաև հսկա ոլորավայրէջքում, որտեղ 81 մասնակիցների պայքարում գրավել էր 59-րդ տեղը։ Այսպիսով, դահուկորդներ Կատյա Գալստյանից և Միքայել Միքայելյանից հետո նա ևս ավարտել է օլիմպիական պայքարը։

Ձմեռային խաղերում Հայաստանը դեռևս ներկայացուցիչներ ունի․ գեղասահորդներ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին զույգը փետրվարի 16-ին հանդես կգա ազատ ծրագրով։ Կարճ ծրագրի արդյունքներով նրանք ընթանում են 12-րդ տեղում։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728