Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշի նկատմամբ ցմահ գենետիկ հակվածությունը կարող է բարձրացնել անոթային դեմենցիայի ռիսկը տարեց հասակում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Clinical Endocrinology & Metabolism (JCEM) ամսագրում:
Հեղինակները վերլուծել են պոպուլյացիոն խոշոր տվյալներ և կիրառել են մենդելյան ռանդոմիզացիայի մեթոդը՝ գենետիկական մոտեցում, որը թույլ է տալիս գնահատել ժառանգական գործոնների ազդեցությունը հիվանդությունների ռիսկի վրա: Այս մեթոդն օգնում է խուսափել այն անճշտություններից, որոնք կապված են հիվանդության սկսվելուց հետո քաշի հնարավոր նվազման հետ:
Վերլուծությունը ցույց է տվել, որ մարմնի զանգվածի ավելի բարձր ինդեքսի (ՄԶԻ՝ մարդու զանգվածի և հասակի հարաբերակցություն) նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությունը կապված է ուղեղի անոթների վնասմամբ պայմանավորված դեմենցիայի զարգացման հավանականության մեծացման հետ: ՄԶԻ-ի ավելացումը մոտ չորս-հինգ կետով՝ սահմանայինից դեպի ակնհայտ բարձր մակարդակը, ասոցացվել է անոթային դեմենցիայի ռիսկի մոտ 60% աճի հետ:
Այս կապի հիմնական օղակը զարկերակային ճնշումն է: Ավելորդ ճարպային հյուսվածքը նպաստում է դրա բարձրացմանը, իսկ քրոնիկական հիպերտենզիան աստիճանաբար վնասում է զարկերակների պատերը, այդ թվում՝ գլխուղեղի մանր անոթները: Ժամանակի ընթացքում դա հանգեցնում է արյան մատակարարման վատթարացման, թթվածնի պակասի և կոգնիտիվ ֆունկցիաների աստիճանական անկման:
Առավել արտահայտված կապը նկատվել է հենց անոթային խանգարումների հետ կապված դեմենցիայի ձևերի դեպքում: Ընդ որում, ազդեցությունը պահպանվել է նույնիսկ արյան մեջ խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակը հաշվի առնելուց հետո:
Հեղինակները նշում են, որ մասնակիցների մեծ մասն ունեցել է եվրոպական ծագում, ուստի եզրակացությունների հաստատման համար լրացուցիչ հետազոտություններ են ահնրաժեշտ այլ պոպուլյացիաներում: Այնուամենայնիվ, գիտնականներն ընդգծում են, որ ընդհանուր առմամբ մարմնի զանգվածի և զարկերակային ճնշման վերահսկումը կարող է նվազեցնել ոչ միայն ինսուլտի և սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը, այլև ապագայում կոգնիտիվ խանգարումների հավանականությունը:






































