Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ բանակցությունների անհրաժեշտություն չի տեսնում երկաթուղու Երասխ և Ախուրիկ հատվածների վերակառուցման հարցի շուրջ։ այս մասին Փաշինյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցել այդ հատվածները վերակառուցելու վերաբերյալ։
«Նախ ես ողջունում եմ Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը, բայց մյուս կողմից՝ մեկ դեպքում՝ խոսքը մոտավորապես 3 կիլոմետրի մասին է, մյուս դեպքում՝ 1 կիլոմետրի մասին է։ Դա այնպիսի թեմա չէ, որ բանակցենք, վերաբանակցենք, քննարկենք, ի՞նչ կա բանակցելու։ Երկաթուղի է, էլի եմ ասում՝ դա լիներ մեծ ներդրումային ծրագիր, լիներ 50 մլն դոլարի ծախս… պարզ բան է, պետք է 1 կմ մի տեղ կառուցել, 3 կմ մի տեղ կառուցել։ Մինչև մենք սա անենք, այլընտրանքային երկաթուղին կկառուցվի, կասենք՝ վայ, Հայաստանն էլի շրջանցվեց։ Ոչ, բանակցելու բան չկա, կառուցենք, հետո կբանակցենք»,- ասաց Փաշինյանը։






































