Դպրոցներում թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ համացանցում տարածվող պնդումները վիճակագրական պատկերով չեն հաստատվում։
մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով՝ անցած տարի ակտիվորեն շրջանառվում էին խոսակցություններ, թե դպրոցներում թմրամիջոցներ են «վխտում» և գործում են դրանց իրացմամբ զբաղվող խմբեր՝ անչափահասների ներգրավմամբ։
«Մեր վիճակագրական պատկերը դրա մասին չի խոսում»,-նշեց նախարարը։
Սարգսյանի փոխանցմամբ՝ նախարարությունը մարտավարական փոփոխություն է իրականացրել և ուսումնասիրել համացանցում առկա գրառումները։ Յուրաքանչյուր նման հրապարակման դեպքում իրավապահները փորձել են կապ հաստատել գրառումների հեղինակների հետ՝ խնդրելով տրամադրել կոնկրետ տվյալներ կամ առնվազն հստակեցնել, թե որ դպրոցի մասին է խոսքը։
«Եթե չեն ցանկանում պաշտոնական հաղորդում ներկայացնել, գոնե մեզ տվյալներ փոխանցեն, որպեսզի կարողանանք ստուգել։ Բայց մենք ունենք զրո հաղորդում և զրո տվյալի փոխանցում դպրոցներում թմրամիջոցների շրջանառության վերաբերյալ համացանցային գրառումների համատեքստում»,-հայտարարեց նախարարը։
Նրա գնահատմամբ՝ թեման հաճախ քննարկվում է իներցիայով՝ առանց փաստական հիմքերի, ինչն իր հերթին կարող է հանգեցնել ամբողջ սերնդի պիտակավորմանը։Միևնույն ժամանակ Սարգսյանը նշեց, որ առանձին դեպքեր կարող են լինել, և իրավապահները յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հետևից պետք է հետևողականորեն գնան։






































