Գերմանիայի դատարանը ազատազրկման է դատապարտել ԱՄՆ քաղաքացուն՝ Չինաստանի օգտին լրտեսություն անելու համար

ԱՄՆ քաղաքացին չորեքշաբթի օրը երկու տարի ութ ամիս ազատազրկման է դատապարտվել՝ Գերմանիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայում որպես քաղաքացիական կապալառու աշխատելու ընթացքում Չինաստանին գաղտնի տեղեկատվություն տրամադրելու համար, հայտնում է AFP-ն։

Մեղադրյալը, ում անունը հրապարակվել է միայն մասնակիորեն՝ Մարտին Դ., արևմտյան Կոբլենց քաղաքում կանգնել է գերմանական դատարանի առաջ, ընդ որում՝ դատավարությունը մասնակիորեն անցկացվել է դռնփակ կերպով։ 2024 թվականին դատախազությունը մեղադրանք է ներկայացրել այն մասին, որ Մարտին Դ.-ն «մի քանի անգամ կապ է հաստատել չինական կառավարական հաստատությունների հետ և առաջարկել ամերիկյան զինվորականներից ստացված գաղտնի տեղեկատվությունը փոխանցել չինական հետախուզական ծառայությանը»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ տղամարդը 2017-ից 2023 թվականներին աշխատել է որպես ԱՄՆ պաշտպանության նախարարության կապալառու, ընդ որում 2020 թվականից սկսած աշխատել է Գերմանիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայում։ Նա ձերբակալվել է գերմանական ոստիկանության կողմից Ֆրանկֆուրտում 2024 թվականի նոյեմբերին և այդ ժամանակից ի վեր գտնվում է նախնական կալանքի տակ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգները Գերմանիայում ստեղծել են տասնյակ ռազմաբազաներ և երկրում այսօր էլ տեղակայված է ավելի քան 35,000 ամերիկյան զինծառայող։ Այդ բազաներում, որոնք հիմնականում գտնվում են Գերմանիայի արևմուտքում և հարավում՝ ԱՄՆ նախկին ռազմական օկուպացիոն գոտում, աշխատում են նաև շուրջ 11,000 քաղաքացիական անձինք, ովքեր զբաղվում են այնպիսի ծառայություններով, ինչպիսիք են լոգիստիկան, հանրային սնունդը, առողջապահությունը և պահպանությունը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728