Ռուսական «Գազպրոմ նեֆտ» նավթային ընկերությունը Յամալո-Նենեցյան ինքնավար օկրուգի (ՅՆԻՕ) արկտիկական գոտում 55 տոննա պաշարով նավթի հանքավայր է հայտնաբերել։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը, սա վերջին 30 տարվա ամենախոշոր բացահայտումն է։
Հանքավայրը հայտնաբերվել է օկրուգի Յամալյան շրջանի Հարավ-Նովոպորտովյան և Սալետինյան տեղամասերի սահմաններում։ Այն անվանակոչվել է ռուս գիտնական, երկրաբանության ոլորտի մասնագետ Ալեքսեյ Կոնտորովիչի պատվին։
Ընկերությունից հստակեցրել են, որ հանքավայրի տարածքում նախատեսվում է իրականացնել լրացուցիչ հետախուզում։ Ստացված տվյալների հիման վրա կձևավորվի նոր շերտերի շահագործման ծրագիրը։
«Այս հայտնագործությունը… հաստատում է, որ մեր երկրի ռեսուրսային բազան դեռևս հեռու է ամբողջությամբ ուսումնասիրված լինելուց»,- ասել է «Գազպրոմ նեֆտ»-ի վարչության նախագահ Ալեքսանդր Դյուկովը: Նա հավելել է, որ բացահայտված հանքավայրը կօգնի մինչև 2050 թվականը հասնել ՌԴ էներգետիկ ռազմավարության նպատակներին:
Այժմ Ռուսաստանում հաշվառված է ավելի քան 3 հազար ածխաջրածնային հանքավայր, որոնցից 36-ը բացվել են 2025 թվականին: Դրանց թվում են՝ Տոլավեյսկոյե գազակոնդենսատային հանքավայրը ՅՆԻՕ-ում (54,4 մլրդ խորանարդ մետր գազ և 20,4 մլն տոննա կոնդենսատ) և Մեզենինսկոյե գազային հանքավայրը՝ Կրասնոյարսկի երկրամասում (49,7 մլրդ խորանարդ մետր գազ): Բացի այդ, ՅՆԻՕ-ում հայտնաբերվել է Երկուտայախսկոյե նավթային հանքավայրը (11,6 մլն տոննա նավթ):






































