Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է համարում Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխանախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի ընթացքում ձևավորված հանրային մթնոլորտը։ Այս մասին վարչապետը հայտնեց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Միացյալ Նահանգների փոխանախագահի այցը, այն էլ՝ Ջեյ Դի Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը, բնականաբար, Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում։ Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգների ներդրումային միջավայրի ուշադրությունը լրացուցիչ հրավիրվում է Հայաստանում բացված և բացվող ներդրումային հնարավորությունների վրա»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց՝ Վենսի այցի արդյունքներով արձանագրվեց ԱՄՆ մեծ քաղաքական կամքը՝ աջակցելու Հայաստանում ներդրումներ իրականացնելուն։«Մենք առաջին անգամ ԱՄՆ հետ պաշտպանության ոլորտում իրականացնում և իրականացնելու ենք համագործակցություն։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ այս ամեն ինչն, իրականում, խաղաղության օրակարգի արդյունքներն են»,- նշեց վարչապետը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստանում էր փետրվարի 9-10-ը։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան էր ժամանել կնոջ և երեխաների հետ։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առանձնազրույցը, ընդլայնված կազմերով հանդիպումը, ինչպես նաև մամուլի ասուլիսը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն»-ը։






































