Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանը տեղակալ Կարեն Դաղբաշյանի և կոմիտեի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների հետ աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ։
Կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ մինչև Գյումրի հասնելը ՋԿ նախագահը հյուրընկալվել է Մարալիկ քաղաքում, որտեղ հանդիպել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի հետ։
Կողմերը քննարկել են ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի մատակարարման հետ կապված և հրատապ լուծում պահանջող խնդիրներ, մասնավորապես նոր ջրատարերի կառուցման և առկա ենթակառուցվածքների նորոգման հարցեր։
Կոմիտեի նախագահը խոստացել է լինել հետևողական և փորձել գտնել ֆինանսավորման աղբյուրներ՝ բարձրացված խնդիրների հասցեագրման նպատակով։
Անի խոշորացված համայնքի ղեկավարի հետ Ղալամքարյանն այցելել է Սառնաղբյուրի ջրամբար, տեղում քննարկել ջրամբարում առկա ֆիլտրացիայի խնդիրը։
Այնուհետև այց է կատարվել համայնքի տարածքում առկա խմելու ջրի աղբյուրներ, որտեղ ՋԿ նախագահին ներկայացվել է առաջարկ՝ մոտակա բնակավայրերը խմելու ջրով ապահովելու հնարավոր գործողությունների մասին։
Մարզկենտրոն Գյումրիում Ջրային կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի հետ։ Քննարկվել են մարզում առկա, հրատապ լուծում պահանջող խնդիրները։
Առանձին անդրադարձ է կատարվել Ախուրյան գետի «Աջափնյա» ջրանցքի շուրջ տարիներ շարունակ ձգվող խնդրին. իրավական թնջուկը կապված է ջրանցքի օտարման և այն «Ջրաձոր ՀԷԿ»-ին շահագործման տրամադրման հետ:
Կողմերը հանդիպել են Ախուրյան գետի վրա ՀԷԿ շահագործող «Լայթեքո» ընկերության ներկայացուցիչների հետ, համատեղ շրջայց կատարել Ախուրյան գետի և «Աջափնյա» ջրանցքի տարածքում:
Ջրային կոմիտեի նախագահը նշել է, որ կարվի առավելագույնը՝ խնդիրը լուծելու և Ախուրյան գետը բնականոն հուն վերադարձնելու համար։






































