Սամվել Կարապետյանը շատ հետաքրքիր հանգամանքներ է ներկայացրել դատարանին. Արամ Վարդեւանյան

Անընդունելի է և անհասկանալի է դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, այնուհետև ծանրաբեռնվածությունից ելնելով հետաձգվում է դրա լուծումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Վարդևանյանը։

«Նիստը կշարունակվի ապրիլի 17-ին, այն նշանակվել է ժամը 13:30-ին։ Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ մեկ ժամը, որ խափանման միջոցը փոխվի, և հիմա մենք փաստացի արդեն երկու օրից զրկվել ենք»,–ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ դատական նիստը այսօր չհեռարձակվեց ուղիղ եթերում, նա պատասխանեց. «Ես վստահ եմ՝ դուք ներկա էիք դատական նիստին, որի ընթացքում պաշտպանության կողմի ներկայացրած դիրքորոշումը ձեզ համար հասանելի եղել է։ Եթե առաջիկայում նշված հարցի վերաբերյալ փոփոխություն կլինի, այլ դիրքորոշում կլինի, դա ևս կներկայացվի։ Ես մշտապես կարևորել եմ հրապարակայնության սկզբունքը, այդ իսկ պատճառով դատական նիստի ընթացքում, ներկայացնելով հրապարակայնացման սահմանափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը, ներողություն եմ խնդրել լրատվամիջոցների ներկայացուցիչներից»։

Անդրադառնալով իշխանության կողմից հնչող մեղադրանքներին, որ այդ սահմանափակումով թույլ չտվեցին, որ բոլորը լսեն Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքը, Վարդևանյանն ասաց. «Ես կարծում եմ՝ իրենց համար շատ հետաքրքիր հանգամանքներ արդեն իսկ Սամվել Կարապետյանը ներկայացրել է, դա ձայնագրառվել է, այդ թվում նաև քաղաքացիության վերաբերյալ շատ կարևոր շեշտադրումներ է կատարել, որոնց երևի թե ամենից շատը հենց իրենք էլ սպասում էին։

Մեր հանրությունը Սամվել Կարապետյանի խոսքը լսել է նաև վերջին հանրահավաքի ընթացքում տեսաուղերձի շրջանակներում, իսկ բուն այս ապօրինի քաղաքական հետապնդման վերաբերյալ հանգամանքները ի վերջո դռնբացության կարգով են քննվում։

Ի դեպ, մնք գտնվում ենք դատական նիստի ամենավաղ շրջանում, նախնական դատալսումների փուլում, որտեղ դեռևս միայն խափանման միջոցի հարցն ենք քննարկում»:

Փաստաբանը նկատեց, որ նախորդ անգամ Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշման մեջ որպես հիմնավորում նշվել էր մեկ հանգամանք, որ դեռ ակտիվ վարույթային գործողություններ պետք է կատարվեն. «Դատախազ Դալլաքյանը այդ պատճառաբանության հետ համաձայնել է, դրան հաջորդել է նախաքննության ավարտ, ակտիվ գործողությունների բացակայություն, մեղադրական եզրակացության հաստատում, բայց հիմա գալիս է և ներկայացնում է դիրքորոշում, որ երեք ամսով երկարաձգվի տնային կալանքը։ Որտե՞ղ է այստեղ ողջամտությունը։

Սա նշանակում է, որ դատախազ Դալլաքյանը անկողմնակալ չէ։ Մենք այստեղ իրավական պրոցես չենք տեսնում, տեսնում ենք քաղաքական հետապնդում»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930