Հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին՝ հայերին և մեր լավ ընկեր պարոն վարչապետին․ Վենս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փաստաթղթի ստորագրման արարողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Ջեյ Դի Վենսը հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է․

«Մեծարգո՛ պարոն փոխնախագահ Ջեյ Դի Վենս,
ԱՄՆ պատվիրակության հարգելի՛ անդամներ,
Հարգելի՛ գործընկերներ,

Մեծագույն պատիվ է այսօր հյուրընկալել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս այցն ունի հիրավի պատմական և խորհրդանշական կարևորություն։ Սա ԱՄՆ փոխնախագահի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն։ Այն տեղի է ունենում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման աննախադեպ իրողությունների պայմաններում և արտացոլում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված ամուր և ռազմավարական գործընկերության խորությունը։

Հարգելի պարոն փոխնախագահ, 2025 թվականի փետրվարի 7–ին Սպիտակ տանը մեր ունեցած առաջին հանդիպումը շատ կարևոր նշանակություն ունեցավ հետագա իրադարձությունների համար։

Օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ արտահայտել Հայաստանի Հանրապետության կառավարության երախտագիտությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ պարոն Դոնալդ Թրամփին ու նաև Ձեզ՝ 2025 թ. օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման համար, որով մենք լուրջ զարկ տվեցինք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև նախագահ Թրամփի անձնական ներգրավվածությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն։

Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովից հետո ես և նախագահ Ալիևը նախագահ Թրամփին համատեղ նամակով առաջադրել ենք Խաղաղության Նոբելյան մրցանակի, և մեծ հույս ունեմ, որ նախագահն արդարացիորեն կարժանանա 2026թ․ Խաղաղության Նոբելյան մրցանակին։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքային նշանակություն ունեցող քայլ է խաղաղության ինստիտուցիոնալացման և ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ընդլայնման ճանապարհին։ Պարոն Վենսին ներկայացրել եմ Հարավային Կովկասում ընթացող դրական գործընթացները, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած քննարկումների մանրամասները, որոնք ուղղված էին մեր երկրների միջև խաղաղության ամրապնդման հնարավոր նոր քայլերին։

Այս առիթով, վերահաստատել եմ նաև Հայաստանի հանձնառությունն՝ աջակցելու ԱՄՆ կառավարության խաղաղության և խաղաղարար առաքելությանը, այդ թվում՝ «Խաղաղության խորհրդի» գործունեությանը, որի կանոնադրությունը պատիվ եմ ունեցել ստորագրել ս.թ. հունվարի 22-ին՝ Դավոսում կայացած հանդիսավոր արարողության շրջանակներում։

Ուզում եմ նաև նշել, որ ստացել և սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ փետրվարի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։

Փոխնախագահի հետ երկուստեք ընդգծել ենք Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր ձեռքբերումներից մեկի՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի հետևողական իրագործման կարևորությունը՝ համաձայն ս.թ. հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև ստորագրված «TRIPP» ծրագրի իրագործման շրջանակի։ Վերահաստատել ենք, որ այս ծրագիրը, բացի խաղաղության լրջագույն դիվիդենտներից, ունենալու է նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակություն՝ զարգացնելով Արևմուտքից Արևելք անխոչընդոտ հաղորդակցությունը։

Մեր գոհունակությունն ենք արտահայտել ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև օրերս մեկնարկած տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ընթացքի կապակցությամբ։

Պարոն Վենսի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակման հեռանկարները՝ որպես Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորագույն գրավականներ։ Կարծում եմ, այս համատեքստում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության՝ իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։

Համատեղ արձանագրել ենք նաև երկկողմ հարաբերություններում ունեցած նշանակալի ձեռքբերումները, այդ թվում՝ արհեստական բանականության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում։ Գոհունակությամբ եմ նշում, որ օգոստոսի 8-ին Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտում կնքված հուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի «Firebird» ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու մեգանախագիծը։

Այս կապակցությամբ պետք է նշել, որ հաստատվել է դեպի Հայաստան՝ «NVIDIA» ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։

Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ և ԱՄՆ միջև ձևավորված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա է՛լ ավելի զարգացնել և ամրապնդել ՀՀ և ԱՄՆ ընկերությունների միջև երկուստեք շահավետ փոխգործակցությունը:

Բացի այդ, փոխնախագահ Վենսի հետ այսօր քիչ առաջ ստորագրեցինք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության մասին «1,2,3 կոչվող համաձայնագրի» բանակցությունների ավարտի մասին համատեղ հայտարարությունը։

Այս համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը՝ անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմամբ։

Իմ երախտագիտությունն եմ հայտնել նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերված երկարամյա աջակցության համար և պատրաստակամություն եմ հայտնել է՛լ ավելի զարգացնելու ոլորտային համագործակցությունը՝ երկու երկրների համար կարևորագույն ուղղություններով։

Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև ՀՀ-ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Ի շարունակություն երկկողմ բազմամյա անվտանգային համագործակցությանը և արդեն 3 տարի անընդմեջ շարունակվող «Արծիվ գործընկեր» զորավարժություններին՝ Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի «Արտաքին ռազմական վաճառք» ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։

Արձանագրել ենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն նպատակադրված են զարգացնել փոխշահավետ գործընկերությունը կարևորագույն հանածոների և հազվագյուտ հանքանյութերի արդյունահանման և մատակարարման շղթաների ապահովման ուղղությամբ։

Բնականաբար անդրադարձել ենք նաև Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներին և այդ ուղղությամբ ԱՄՆ կողմից ցուցաբերված երկարամյա աջակցության շարունակությանը, մասնավորապես, Հայաստանի պետական կառույցների հզորացման և նրանց կարողությունների զարգացման հարցերին։

Վերջինիս առնչությամբ կարևորել եմ նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարողությունների զարգացման նպատակով Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը։

Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ, և պատրաստակամություն ենք հայտնել է՛լ ավելի զարգացնել դրանք՝ ի շահ մեր ժողովուրդների։

Մեծարգո՛ պարոն փոխնախագահ,

Ցանկանում եմ վերստին ողջունել Ձեզ, Ձեր տիկնոջը, հարգելի Ուշա Վենսին և Ձեր գեղեցիկ ընտանիքին, Ձեզ ասում եմ «Բարի գալուստ Հայաստան» և մեր շնորհակալությունն եմ հայտնում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կուռ կապերն էլ ավելի զարգացնելու Ձեր պատրաստակամության համար և անձնական ներդրման համար։

Շնորհակալություն»:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728