ՍԱՏՄ–ն պարզաբանում է տարածել՝ կապված իրանական կաթնային սերուցքով սննամթերքի՝ Ռուսաստան արտահանման արգելքի հետ։
Պարզաբանման մեջ ասվում է. «Քիչ առաջ Ազգային Ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրանական սերուցքի մասին հարց ուղղեց «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը՝ պնդելով, թե այդ մասին գրավոր հարցում է ուղարկել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:
ՍԱՏՄ-ին իրանական սերուցքի վերաբերյալ որևէ գրավոր հարցում չի՛ ուղարկվել:
Անմիջապես կապվելով «Ժողովուրդ»-ի խմբագրության և ապա լրագրողի՝ Էմմա Մելիքյանի, հետ, պարզվեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել. հարցումն ուղարկվել է այլ գերատեսչություն, ինչի մասին հենց տեղում հստակեցվել է:
Այնուամենայիվ, մեկ անգամ էլ անդրադառնանք իրանական սերուցքի շուրջ բարձրացված հարցին, որի հետ կապված բազմաթիվ լրագրողների պարզաբանում տրվել է:
Այսպես՝ սննդամթերքը, մինչև երկիր մտնելն, անցնում է սահմանային պետական վերահսկողություն. ցանկացած մթերքի ներմուծումը կատարվում է տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից տրամադրված անվտանգությունը հավաստող ուղեկցող փաստաթղթերի ստուգմամբ և, եթե մթերքը բարձր ռիսկային է, նաև լաբարատոր փորձաքննությամբ։
Դա վերաբերում է նաև Իրանից ներմուծվող կաթնային սերուցքին. այն ստուգվում ինչպես փաստաթղթային, այնպես էլ լաբորատոր փորձաքննությամբ։ Եթե տվյալ կաթնային սերուցքը համապատասխանում է իրավական ակտերով սահմանված բոլոր նորմերին, ներմուծվում և իրացվում է։ Անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Ինչ վերաբերում է իրանական կաթնային սերուցքով կաթնամթերքի ՌԴ ներմուծման արգելանքին, ապա դա չի առնչվում իրանական սերուցքի որակին:
Խնդիրը բոլորովին այլ է. իրանական հումքով իրանական ծագման կաթնամթերք ՌԴ-ում վաճառվում է և ռուսական կողմը ցանկանում է իր երկրում հայկական ծագման կաթնամթերքն ունենալ բացառապես հայկական հումքով:






































