Քաղաքագետ Նորայր Դունամալյանը նշում է, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նախագահների՝ Ալյասկայում սպասվող հանդիպման և այդ ձևաչափով քննարկումների հանդեպ Ուկրաինան ու Եվրամիությունը ցուցաբերում են որոշակի անվստահություն, որովհետև Միացյալ Նահանգներն այլևս չի առաջնորդվում նախկին ընդհանուր օրակարգով, այլ ներկայանում է որպես առանձին խաղացող։
Նորայր Դունամալյանն անդրադարձավ աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակին, գերտերությունների միջև ուժերի ներկա հարաբերակցությանը և այդ համատեքստում նաև այն հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել Ալյասկայում կայանալիք Թրամփ-Պուտին հանդիպումից։
«Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ վերընտրվելուց հետո չեղավ ակնկալվող այն իրավիճակը, որ Միացյալ Նահանգները մեկուսացված է լինելու և չի միջամտելու այլ տարածաշրջանների գործերին, ինչը ՌԴ-ին կամ այլ երկրներին կընձեռեր ակտիվ քաղաքականություն վարելու ավելի մեծ հնարավորություններ։ Ակնհայտ է, որ Թրամփն անձամբ փորձում է իր երկրի անունից հստակորեն ազդել տարբեր գործընթացների վրա իր խաղաղարար գործունեության շրջանակներում։ Նույնիսկ դրվում է նրան Նոբելյան մրցանակի արժանացնելու հարցը։ Արդեն իսկ մի քանի հակամարտությունների համատեքստում ԱՄՆ-ն իրեն ներկայացրել է որպես խաղաղարար միջնորդ։ Հիշենք, օրինակ, Հնդկաստանի ու Պակիստանի, Թաիլանդի ու Կամբոջայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտները»,-նշեց Դունամալյանը։ Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ, ռուս-ուկրաինական հակամարտությունը տակավին մնում է չլուծված, մինչդեռ դրա մասին Թրամփը խոսում էր դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ շեշտելով, որ ի վիճակի է նույնիսկ այդ կոնֆլիկտը հանգուցալուծել 24 ժամում։
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը բավականին բարդ է, ուստի պարզունակ ձևերով հնարավոր չէ այն կարգավորել։ Բայցևայնպես, ԱՄՆ-ն դրսևորում է բավականին մեծ ակտիվություն, հետևաբար Թրամփը վերադասավորում է աշխարհաքաղաքական ամբողջ համակարգը, որը կար մինչ այդ։ Եթե նախկինում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, արևմտյան այլ երկրներն ու նրանց դաշնակիցները տարբեր տարածաշրջաններում առաջնորդվում էին ընդհանուր օրակարգով, ապա այսօր տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ներկայանում է որպես առանձին խաղացող, ինչն էլ Ուկրաինայի, ԵՄ-ի և մի շարք այլ երկրների մոտ առաջացնում է անվստահության զգացողություն»,- ասաց մեր զրուցակիցը։ Դունամալյանի դիտարկմամբ՝ առկա իրավիճակն, այդուհանդերձ, կարևոր է այն առումով, որ Թրամփն ու Պուտինը քննարկելու են ոչ միայն ռուս-ուկրաինական հակամարտությունը, այլև երկկողմ հարաբերություններն ու տարբեր տարածաշրջաններին առնչվող կարևոր հարցերը։ Քաղաքագետը չբացառեց, որ ամենաբարձր մակարդակով նախանշված հանդիպման ընթացքում կողմերը կարող են քննարկել նաև վաշինգտոնյան հռչակագիրը՝ ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնությունը։ «Դա, ըստ էության, լինելու է բավականին ծավալուն բովանդակությամբ հանդիպում, և, ինչպես հայտարարեց Թրամփը, պարտադիր չէ, որ դրան մասնակցի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Վերջերս Թրամփի խորհրդական Ուիթքոֆի հանդիպումը Պուտինի հետ թեև ավարտվել էր առանց որևէ շոշափելի և ցայտուն արդյունքների, չնայած ԱՄՆ-ի նախագահը գոհունակություն էր հայտնել այդ հանդիպման առթիվ, սակայն այստեղ կա որոշակի խնդիր՝ կապված ձևաչափերի հետ, որովհետև այս փուլում ռուսական կողմը նախընտրում է ԱՄՆ-ի հետ երկկողմ քննարկումների ձևաչափը»,- մանրամասնեց քաղաքագետը։ Դունամալյանի կարծիքով՝ Թրամփը ՌԴ-ի նկատմամբ միաժամանակ վարում է փափուկ և կոշտ ուժի քաղաքականություն։ Սկզբում փորձում էր համաձայնության գալ, բայց տեսնելով, որ Ռուսաստանը չի շարժվում նույն պարզ տրամաբանությամբ, սկսեց կիրառել կոշտ քայլեր։
«Մաքսատուրքերի բարձրացումն այն երկրների պարագայում, որոնք ձգտում են զարգացնել սերտ տնտեսական կապեր ՌԴ-ի հետ, վկայում է այդ մասին։ Դրանով ԱՄՆ-ն հարվածեց, օրինակ, ՌԴ-ի ազդեցիկ գործընկերներին՝ Հնդկաստանին և Չինաստանին։ Ուժի մեջ են մնում նաև Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, և Թրամփն արդեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում Կրեմլի հետ համաձայնության չգալու դեպքում ռուսական կողմի դեմ ավելի կսաստկացնի պատժամիջոցները։ Բայց դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ն առաջարկում է լուծում, որի հիմքում տարածքային բաղադրիչն է։ Ըստ այդմ՝ Ռուսաստանը պետք է հրաժարվի Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, իսկ Ուկրաինան դրա դիմաց պետք է զիջի Ղրիմի թերակղզին, և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը։ Ահա սա է ամերիկյան կողմի փոխզիջումային տարբերակը»,- մանրամասնեց Դունամալյանը։
Քաղաքագետը հավելեց, որ ուկրաինացիների համար այս փուլում առավել կարևոր է ռազմական գործողությունների դադարեցումը, ինչից հետո իրենք նոր կարող են սկսել բանակցային գործընթաց՝ նախընտրելով խնդիրների լուծման փուլային տարբերակը, մինչդեռ ԱՄՆ-ն առաջարկում է փաթեթային տարբերակ՝ հնարավոր նոր սրացումները կանխելու նպատակով։ «Ակնհայտ է, որ այս փուլում, երբ ռազմական գործողությունները Ռուսաստանի համար ընթանում են բավականին հաջող, Մոսկվան չի գնա էական զիջումների։
Սպասենք Ալյասկայի հանդիպման արդյունքներին, թեև այստեղ կարևոր է, թե կողմերն ինչ կառաջարկեն միմյանց։ Հանդիպման վայրն արդեն իսկ խորհրդանշական է, որովհետև Ալյասկան որոշ առումով ռուս-ամերիկյան ընդհանուր պատմության խորհրդանիշն է։ Գուցե, ՌԴ-ն չգնա էական զիջումների, բայց կարող է գալ համաձայնության և օրինակ խորքային հարվածներ չհասցնել Ուկրաինայի տարածքին։ Կողմերը, հավանաբար, փոքր հարցերում կգան ընդհանուր հայտարարի, իսկ մեծ խնդիրները կթողնեն հետագա բանակցություններին»,- եզրափակեց քաղաքագետը։