Եվրամիությունը մտադիր է մեկ տարով կրճատել ռուսական գազից հրաժարվելու ժամկետները

Եվրախորհրդարանում առաջարկում են արագացնել ռուսական գազի ներմուծման ամբողջական արգելքը՝ վերջնաժամկետը 2028 թվականի հունվարից տեղափոխելով 2027 թվականի սկիզբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նախագծային փաստաթղթերին։ Նախաձեռնությունը պատկանում է այն պատգամավորներին, որոնք ձգտում են ավելի կոշտ մոտեցում կիրառել, քան հունիսին Եվրահանձնաժողովի ներկայացրածն էր։ Այն առաջարկում է դադարեցնել գնումները 2028 թվականից։ Արագացված հրաժարման կողմնակիցների թվում են խորհրդարանի խոշորագույն խմբակցությունների՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» և «Կանաչների կուսակցության» ներկայացուցիչները։

Բացի ժամկետը 2027 թվականի հունվար տեղափոխելուց, գաղափարի հեղինակներն առաջարկում են նաև պատիժներ սահմանել եվրոպական այն ընկերությունների համար, որոնք կխախտեն արգելքը։ Պատգամավոր Ինեսե Վայդերեի խոսքով՝ հնարավոր միջոցներից է էներգակիրների առևտրի լիցենզիաներից զրկելը։

Միևնույն ժամանակ, ըստ Reuters-ի տեղեկությունների՝ ԵՄ երկրների կառավարությունները զուսպ են տրամադրված և դժվար թե սատարեն ժամկետի տեղափոխմանը։ Սակայն խորհրդարանականները կարող են այս նախաձեռնությունը որպես ճնշման գործիք օգտագործել բանակցությունների գործընթացում՝ փաստաթղթի վերջնական տարբերակում այլ փոփոխությունների հասնելու համար, նշում է գործակալությունը։

Աշնանը Եվրոպական խորհրդարանը, ինչպես սպասվում է, կքվեարկի իր պաշտոնական դիրքորոշման ձևավորման հարցի շուրջ։ Դրանից հետո վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի ԵՄ Խորհրդի հետ, որտեղ այն պետք է հավաքի որակյալ մեծամասնություն։ Սա բացառում է առանձին պետությունների, մասնավորապես՝ Հունգարիայի և Սլովակիայի կողմից այն արգելափակելու հնարավորությունը, որոնք դեռևս խողովակաշարով ռուսական գազ են գնում և դեմ են համաեվրոպական արգելքին։

ԵՄ-ն խոստացել է հրաժարվել ռուսական գազից ունեցած բազմամյա կախվածությունից այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը 2022 թվականին պատերազմ է սկսել Ուկրաինայում։ Մինչև լայնամասշտաբ ներխուժումը Ռուսաստանը ապահովում էր եվրոպական գազի ներմուծման մոտ 45%-ը։ 2024 թվականին, ինչպես գրում է Reuters-ը, այդ մասնաբաժինը նվազել է մինչև 19%, մատակարարումներն իրականացվել են «Թուրքական հոսքով» և որպես հեղուկ բնական գազ (ՀԲԳ)։ Մինչև 2025 թվականի վերջը Եվրամիությունն ակնկալում է Ռուսաստանից գնվող գազի մասնաբաժինը նվազեցնել մինչև 13%։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031