Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը քննարկում է «Ամերիկայի կուսակցության» ստեղծման հարցը։ Նա այդ նպատակով հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը, քվեարկություն է սկսել X հարթակում և հարցրել օգտատերերից, թե արժի արդյոք ստեղծել նոր քաղաքական ուժ՝ անկախ գործող երկկուսակցական համակարգից։
«Անկախության օրը հիանալի առիթ է մտածելու՝ ուզում եք արդյոք անկախություն երկկուսակցական (իսկ ոմանք կասեն՝ միակուսակցական) համակարգից։ Պե՞տք է ստեղծենք Ամերիկայի կուսակցություն»,– գրել է Մասկը։
Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 224 հազար օգտատեր։ Նրանցից 62.2 տոկոսը կողմ է արտահայտվել նոր կուսակցության ստեղծմանը, իսկ 37.8 տոկոսը՝ դեմ։ Քվեարկությունը դեռ շարունակվում է և կավարտվի 22 ժամից։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ պատրաստ է հիմնադրել նոր կուսակցություն, եթե Կոնգրեսը ընդունի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցած One Big Beautiful Bill Act-ը։ Օրենսդրական նախաձեռնությունն արդեն ընդունվել է, և Մասկը, կարծես, պատրաստվում է իրականացնել իր խոստումը։
Միլիարդատիրոջ հայտարարության համաձայն՝ «Ամերիկայի կուսակցությունը» հանդես կգա որպես անկախ քաղաքական ուժ՝ դուրս երկու հիմնական կուսակցությունների՝ Հանրապետականների և Դեմոկրատների ազդեցությունից։