Մենք ստացել ենք հաղորդագրություններ այն մասին, որ ԱՄՆ-ն չի ցանկանում իշխանափոխություն Իրանում. ԱԳ փոխնախարար

ԱՄՆ-ը պետք է բացառի Իրանի դեմ հետագա ցանկացած հարված, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ​​ջանքերը, BBC-ին ասել է երկրի փոխարտգործնախարար Մաջիդ Թահթ-Ռավանչին։

Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմը միջնորդների միջոցով Թեհրանին հայտնել է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու իր ցանկությունը, բայց «չի պարզաբանել իր դիրքորոշումը հետագա գրոհների շատ կարեւոր հարցի վերաբերյալ»։

Իսրայելի ռազմական գործողությունը, որը սկսվեց հունիսի 13-ի գիշերը, խափանեց երկու օր անց Մասկատում նախատեսված հիմնականում անուղղակի բանակցությունների վեցերորդ փուլը։ Միացյալ Նահանգները միջամտեց Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտությանը՝ անցյալ հանգտսյան օրերին ավիահարվածներ հասցնելով իրանական երեք միջուկային օբյեկտներին։

Թահթ-Ռավանչին նաեւ ասել է, որ Իրանը կպնդի, որ կարողանա ուրանը հարստացնել խաղաղ նպատակներով, եւ մերժել է այն մեղադրանքները, թե երկիրը գաղտնի շարժվում է միջուկային ռումբ ստեղծելու ուղղությամբ:

Փոխնախարարի խոսքով՝ Իրանին «մերժել են միջուկային նյութերի հասանելիությունը» իր հետազոտական ​​ծրագրի համար, ասել է փոխնախարարը, ուստի նա ստիպված է «հույսը դնել իր վրա»:

«Հարստացման մակարդակը կարող է քննարկվել, ծավալները կարող են քննարկվել, բայց ասել, որ չպետք է ուրան հարստացնել, որ պետք է զրոյական հարստացում ունենաք, եւ եթե չհամաձայնեք, մենք ձեզ կռմբակոծենք՝ սա ջունգլիների օրենքն է»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք Իրանը կարող է վերանայել իր միջուկային ծրագիրը որպես որեւէ համաձայնագրի մաս, հնարավոր է՝ պատժամիջոցների մեղմացման եւ երկրում ներդրումներ կատարելու դիմաց, Մաջիդ Թահթ-Ռավանչին պատասխանել է. «Ինչո՞ւ պետք է մենք համաձայնենք նման առաջարկին»։

Նա կրկնել է, որ Իրանի ծրագիրը, ներառյալ ուրանի մինչեւ 60 տոկոս հարստացումը, խաղաղ նպատակներ ունի:

Արտաքին գործերի փոխնախարարը նաեւ նշել է, որ Իրանը միջնորդների միջոցով հաղորդագրություններ է ստացել այն մասին, որ Միացյալ Նահանգները «չի ցանկանում մասնակցել Իրանում ռեժիմի փոփոխությանը»՝ ուղղված երկրի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիին:

Նա ավելացրել է, որ իրանցիները կարող են քննադատել իշխանությունների որոշ գործողություններ, բայց «երբ խոսքը օտարերկրյա ագրեսիայի մասին է, նրանք միասնական կլինեն դրան դիմակայելու համար»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30