Եվրոպայում մոլեգնող շոգի ալիքի պատճառով որոշ երկրներում ջերմաստիճանը գերազանցել է 40°C-ը, իշխանությունները կոչ են անում զգույշ լինել, քանի որ չոր եղանակը, ուժեղ քամին եւ տապը հիանալի պայմաններ են անտառային հրդեհների բռնկման համար, հաղորդել է Euronews-ը։
Մինչ ամառային ջերմաստիճանները շարունակում են բարձրանալ ամբողջ Եվրոպայում, մայրցամաքի տարբեր շրջաններ բախվել են բազմաթիվ անտառային հրդեհների եւ ծայրահեղ ջերմային ալիքների։
Թուրքիայում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճան Ցելսիուսը: Իզմիրում, Բուրսայում, Թեքիրդաղում, Սաքարիայում եւ Ադանայում անտառային հրդեհներ են բռնկվել, ինչընարտակարգ իրավիճակներ է ստեղծել:
Հրդեհները մարելու համար ուղարկվել են ցամաքային եւ օդային հրշեջ խմբեր: Ադանայում սա հանգեցրել է ողբերգության. մոտակա ամբարտակից ջուրը հանելու փորձի ժամանակ հրդեհը մարող ինքնաթիռ է վթարվել: Ներկայում որոնողական-փրկարարական աշխատանքներ են ընթանում:
Հունաստանում շատ աթենքցիներ մեկնել են լողափեր, քանի որ երկիրը բախվել է տարվա առաջին շոգին։
Շոգը, ըստ կանխատեսումների, կուժեղանա մինչեւ ուրբաթ՝ հասնելով 40-41 աստիճան Ցելսիուսի ցամաքում եւ շարունակվելով հանգստյան օրերին։
Իսպանիայում եւ Պորտուգալիայում զբոսաշրջիկներն ու տեղացիները նույնպես պատրաստվում են այս հանգստյան օրերին սպասվող շոգի ալիքի, քանի որ այնտեղ նույնպես ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա։ Պորտուգալիայում հնարավոր է մինչեւ 44 աստիճան Ցելսիուս ծայրահեղ ջերմաստիճան։
Պորտուգալիայի օդերեւութաբանական ծառայությունը շոգի մասին նախազգուշացում է տարածել ամբողջ մայրցամաքային Պորտուգալիայի համար՝ դեղին մակարդակով տագնապ երկրի մեծ մասի եւ նարնջագույն մակարդակով տագնապ որոշ ներքին շրջանների համար, որոնք հատկապես բարձր ջերմաստիճանի վտանգի տակ են։
Մադրիդի եւ Լիսաբոնի մայրաքաղաքներում զբոսաշրջիկները ստվերում էին մնում եւ սառը ըմպելիքներ խմում՝ շոգից պաշտպանվելու համար:
Իշխանությունները կոչ են արել մարդկանց զգոն մնալ եւ խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են նոր հրդեհներ առաջացնել՝ զգուշացնելով, որ չորային պայմանները եւ ուժեղ քամին կարող են շարունակել կրակի տարածումը: