Արդեն իրավապահներո՞վ եք պայքարում եկեղեցու դեմ. Փաշինյանը լրագրողների հարցերին չպատասխանեց

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ «Ասուլիս կտամ, կպատասխանեմ, այսօր չեմ պատասխանելու հարցերի, խնդրում եմ մի հետապնդեք ինձ»,–ասաց նա։

Իսկ լրագրողները մեկնաբանություն էին հարցնում եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների նկատմամբ քրեական հետապնդումների վերաբերյալ։

«Իրավապահ մարմիններին եք հանձնարարե՞լ եկեղեցով զբաղվել»,– հարց ուղղեցին լրագրողները։

Փաշինյանը կրկնեց, որ այսօր չի պատասխանելու հարցերին ու հեռացավ։

Նշենք, որ բազմաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներ քիչ առաջ մտել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարան։ Հավանաբար նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։

Քիչ առաջ փաստաբան Արա Զոհրաբյանը Շիրակի թեմի առաջնորդարանի դիմաց ընթերցել է Քննչական կոմիտե քննիչի որոշումը՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին։ Նա ընդգծեց, որ որպես առիթ նշված է 2024 թվականի փետրվարի 3–ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանի խոսքերը, իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Արա Զոհրաբյանը նշեց, որ ՔԿ-ն միջնորդելու է, որ կալանավորեն Սրբազան հորը։

Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30