Skip to main content

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյnւնի զnհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով քննարկումները շարունակվում են, սակայն լուծում առայժմ չի գտնվել։ Այս մասին Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում, ասաց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։

Պատգամավորը հետաքրքրվեց՝ կառավարությունն ինչպե՞ս է պատրաստվում լուծել պայթյունի զոհերի հարազատների կարգավիճակի հարցը՝ ընդգծելով, որ խնդիրը բարձրացվում է տարիներ շարունակ։

Թորոսյանը նշեց, որ հարցը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ։ Նախարարը տարբերակեց զոհվածների և անհետ կորածների ընտանիքների դեպքերը։

«Մեր խնդիրը հիմնականում այն քաղաքացիների հետ է կապված, որոնք այս պահին անհետ կորած են, և նրանց ընտանիքի անդամները չեն ստանում կերակրողին կորցնելու նպաստ»,– ասաց նա։

Նախարարի խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքների անդամները ստանում են կերակրողին կորցնելու նպաստ։ Նա հիշատակեց նաև տրամադրված միանվագ փոխհատուցումները՝ նշելով, որ զինվորականների և քաղաքացիական անձանց համար կիրառվել են տարբեր մեխանիզմներ։

Անդրադառնալով բոլորի համար հատուկ կարգավիճակ սահմանելու հարցին՝ Թորոսյանը շեշտեց օրենսդրական փոփոխությունների հետևանքները գնահատելու անհրաժեշտությունը։

«Ես կարծում եմ՝ պետք է զգույշ լինենք այդ մասով։ Քննարկումները, իհարկե, շարունակվում են, նաև հանձնաժողովն է ներգրավված քննարկումների մեջ։ Եթե լուծում կգտնենք, որով այլ պրոբլեմներ չենք առաջացնի, մենք դեմ չենք։ Մինչև հիմա, անկեղծ ասեմ, չենք գտել լուծում, որովհետև պետք է օրենքներում փոփոխություններ անենք, հավասարեցումներ անենք և այդպես շարունակ»,– նշեց նախարարը։

Արձագանքելով՝ Խաչատրյանը վկայակոչեց Վերաքննիչ դատարանի որոշումը՝ նշելով, որ դրանով զոհերի մահը կապվել է պատերազմի հետևանքների հետ։ Նա առաջարկեց նախարարության և զոհերի իրավահաջորդների մասնակցությամբ առանձին հանդիպում կազմակերպել՝ հարցին լուծում գտնելու նպատակով։

«Մենք, դուք և իրավահաջորդները՝ զոհերի իրավահաջորդները, թեկուզ փոքր շրջանակում հանդիպենք, փորձենք այս հարցը վերջացնել»,– առաջարկեց պատգամավորը։

Թորոսյանը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու առաջարկված ձևաչափով հանդիպմանը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30