Դատավոր Մասիս Մելքոնյանը որոշում կայացրեց կալանավորել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
«Բացահայտ ապօրինի, անհիմն որոշում կայացրեց դատարանը։ Միքայել Սրբազանին արգելված են նաեւ տեսակցությունները, բացառապես մերձավոր ազգականների եւ պաշտպանների»,– ասացին պաշտպանները որոշման հրապարակումից հետո։
Նախնական տեղեկություններով, Շիրակի թեմի առաջնորդը կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ: Ըստ պաշտպանի, որոշման ամբողջական տարբերակը ստացվելուց հետո այն կբողոքարկեն:
Իրավապահները, ինչպես հայտնել էինք հունիսի 27-ին, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ էին իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան:
Հոգևորականները, ինչպես հայտնել ենք, փորձում էին թույլ չտալ, որ ուժայինները մուտք գործեն վեհարանի տարածք, սկսվել էր քաշքշուկ հոգևորականների և ուժայինների միջև:
Հայտնել էինք նաև, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու համար Մայր աթոռ մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։
Այնուհետ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:
ԱԱԾ-ն Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին:
Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել էր, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս էր եկել Մայր Աթոռից և ոտքով ուղևորվել Երևան՝ Քննչական կոմիտե: Ճանապարհին երթի մասնակիցների միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել:
Քննչական կոմիտեից Աջապահյանը հունիսի 27-ին տեղափոխվել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: