Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններն ավարտվեցին։ Իրավապահները հեռացան, որից հետո միայն առաջնորդարանի դուռը բացվեց։
Շիրակի թեմի առաջնորդի կեցավայրում քննչական գործողություններից հետո տեսանյութով ցուցադրվել է, թե ինչ են փնտրել Միքայել Սրբազանի կեցավայրում։
Տեսանյութից պարզ է դառնում, որ Սրբազանի նոթբուքն են տարել, քրքրել են թղթերը, դռներից մեկն են ջարդել։
Նշենք, որ բազմաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներ քիչ առաջ մտել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարան։ Հավանաբար նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Քիչ առաջ փաստաբան Արա Զոհրաբյանը Շիրակի թեմի առաջնորդարանի դիմաց ընթերցել է Քննչական կոմիտե քննիչի որոշումը՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին։ Նա ընդգծեց, որ որպես առիթ նշված է 2024 թվականի փետրվարի 3–ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանի խոսքերը, իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Արա Զոհրաբյանը նշեց, որ ՔԿ-ն միջնորդելու է, որ կալանավորեն Սրբազան հորը։
Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։