Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին քննադատել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (ՄԶՉՊ), քանի որ այն չի կարողացել պաշտպանել Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը՝ հայտնելով, որ Թեհրանը կարող է փոխել իր դիրքորոշումը ՄԶՉՊ շրջանակում համագործակցության վերաբերյալ, տեղեկացրել է Mehr-ը։
Վերջերս տեղի ունեցած իսրայելա-ամերիկյան գրոհի ժամանակ կատարած դիվանագիտական այցից հետո Արաղչին հարցազրույց է տվել Al-Araby Al-Jadeed թերթին։
Նա ասել է, որ Իրանը փորձել է ցույց տալ իր հավատարմությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին (ՄԶՉՊ), սակայն այդ պայմանագիրը չի կարողացել պաշտպանել Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը։
Իրանցի նախարարն ընդգծել է, որ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ 20 տարվա թափանցիկությունն ու վստահության ամրապնդումը դրական արդյունքներ չեն տվել, ուստի հարցը կվերանայվի, եւ իսլամական հանրապետությունը կարող է փոխել իր դիրքորոշումը միջուկային ծրագրի եւ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ։ Նա միաժամանակ նշել է, որ այս պահին չի կարող կանխատեսել այս փոփոխությունների ուղղությունը։
Արաղչիի խոսքով՝ իրանցիները զգալի ջանքեր են գործադրել խաղաղ միջուկային տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար, եւ որոշ գիտնականներ նույնիսկ իրենց կյանքն են զոհաբերել այս նպատակի համար, եւ այդպիսով ոչ ոք չի խանգարի նրանց ունենալ այս տեխնոլոգիան։
Երբ նրան հարցրել են Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ագրեսիայի եւ Թեհրանի պատասխան միջոցառումների մասին, նա նշել է, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը հակամարտությանը ցույց է տալիս «Իսրայելի ձախողումը, քանի որ նրանք կարծում էին, որ Իրանը կենթարկվի ճնշմանը»։