Հայաստանը ցանկանում է առաջ շարժվել պրագմատիզմով․ կիպրացի փորձագետը՝ Երևան-Բաքու և Երևան-Անկարա գործընթացների մասին

Կիպրոսի Եվրոպական և միջազգային հարաբերությունների կենտրոնի նախագահ, պրոֆեսոր Անդրեաս Թեոֆանուսը բարձր է գնահատում Հայաստանի կողմից Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Փորձագետը վստահ է, որ Եվրոպական միությունը ևս կարող է իր ներդրումն ունենալ այդ հարցում, այդուհանդերձ, նա կարևոր է համարում հիշել այն հանգամանքը, որ այդ առումով պետք չէ ԵՄ-ից շատ սպասելիքներ ունենալ, քանի որ Միությունը դեռևս լիովին չի զարգացել՝ որպես արտաքին քաղաքականություն, անվտանգության քաղաքականություն ունեցող և միջազգային քաղաքականության մեջ չափազանց բարձր լծակ ունեցող ուժ։

Պրոֆեսորը նման տեսակետ է արտահայտել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ խոսելով ինչպես Հայաստան-Կիպրոս, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա մակարդակից, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական իրադրությունից։

-Պարոն Թեոֆանուս, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի ու Կիպրոսի միջև ներկա հարաբերությունները և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում հայ-կիպրական հարաբերությունների հետագա ամրապնդման և զարգացման առումով։

-Հայաստանի և Կիպրոսի ժողովուրդների միջև մշտապես եղել են պատմական ու մշակութային հարաբերություններ։ Այժմ մենք ունենք Հայաստանի դեսպանատուն Նիկոսիայում և Կիպրոսի դեսպանատուն Երևանում։ Դա շատ կարևոր է։ Եվ ես կարծում եմ, որ բացի մշակութային հարաբերություններից և տնտեսական հարաբերություններից, մենք կարող ենք տեսնել, թե ինչ կարող է տեղի ունենալ կրթության ոլորտում։ Բացի այդ, ես կարծում եմ, որ շատ կարևոր է նաև փորձի փոխանակումը քաղաքական ոլորտում։ Հայաստանի առջև ծառացած են խնդիրներ, քաղաքականության մեջ կատարվել են փոփոխություններ և այն, թե ինչպես եք դուք առերեսվում այդ փոփոխություններին….մենք կարող ենք ձեզ հետ կիսվել մեր փորձով այն մասին, թե ինչն է ժամանակի ընթացքում սխալ ընթացել, և որոնք են եղել մեր նվաճումները և այլն: Եվ կարծում եմ, որ նման վարժությունը շատ օգտակար կլինի:

-Ինչ վերաբերում է երկու երկրների միջև համագործակցությանը, ո՞ր ոլորտներում եք տեսնում հնարավորություններ երկկողմ համագործակցությունն ամրապնդելու առումով:

-Տնտեսական ոլորտում, իհարկե, կրթության ոլորտում, բայց նաև երկու երկրների քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մեջ: Այսինքն՝ դուք ունեք էթնիկ հակամարտություն, մենք ունենք էթնիկ հակամարտություն, դուք ցանկանում եք մերձենալ Եվրամիության և ընդհանրապես Արևմուտքի հետ, Կիպրոսը Եվրամիության մաս է կազմում, շատ կարևոր է կիսվել փորձով, և նրանով, թե ինչպես ենք մենք գործում այդ ուղղությամբ: Բացի այդ, կա նաև խոսույթի կարևորությունը: Կիպրոսի առջև ծառացած խնդիրներից մեկն այն է, որ այն չի կարողացել միջազգային հանրությանն ուղերձ փոխանցել այն մասին, թե իրականում ինչ է տեղի ունեցել Կիպրոսում: Ես կարող եմ նույն հարցը տալ այստեղ՝ ի՞նչ խնդիրներ ունի Հայաստանը, ի՞նչ է վերջերս տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում, ի՞նչ է ուզում Հայաստանը տարածաշրջանի իր հարաբերություններում, Արևմուտքի հետ հարաբերություններում, ինչպես նաև իր աշխարհաքաղաքական ուղղություններում։

-Անդրադառնալով Եվրամիությանը վերաբերող հարցին՝ ինչպես գիտենք, վերջին տարիներին Հայաստանն ակտիվորեն խորացնում է համագործակցությունն ու հարաբերությունները Եվրամիության հետ։ Կիպրոսը՝ որպես Եվրամիության անդամ, այս համատեքստում ի՞նչ խորհուրդ կարող է տալ Հայաստանին։

-Սա խորհրդի հարց չէ, այլ տեղեկատվության փոխանակման և սեփական եզրակացություններն անելու հարց է։ Օրինակ, կարող եմ ասել, որ երբ Կիպրոսը իրականացնում էր իր անդամակցության գործընթացը Եվրամիության հետ, չափազանց մեծ սպասումներ կային։ Սպասելիքներ այն մասին, թե ինչպես կարող է Եվրամիությունը հասցեագրել Կիպրոսի հարցը, ինչպես կարող է այն օգնել մեզ հաղթահարել Թուրքիայի կողմից օկուպացիան և հասնել Կիպրոսի խնդրի լուծմանը։ Ես չէի օգտագործի «արդարացի», այլ կօգտագործեի «կառավարելի» լուծում բառը։ Մեր սպասելիքները դրա հետ կապված չարդարացան։ Կիպրոսի կողմից որոշակի հիասթափություն կար, քանի որ մենք ավելի մեծ սպասելիքներ ունեինք, քան իրականում ստացանք։ Ավելին, կասեի, որ մենք նկատել ենք, որ Եվրամիության արձագանքը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժմանը շատ տարբեր էր Կիպրոսի հյուսիսային մասի՝ Թուրքիայի կողմից օկուպացիային Միության արձագանքից։ Եվ սա միայն մենք չէ, որ նկատել ենք, օտարերկրյա դիտորդներն էլ սրա մասին խոսում են։ Դուք տեսաք, որ Ռուսաստանի դեպքում այնքան շատ պատժամիջոցներ կային, որ այսօր Եվրոպայի և Ռուսաստանի միջև մեծ թշնամանք է առաջացել։ Թուրքիայի կողմից Կիպրոսի հյուսիսային մասի օկուպացիայի դեպքում Եվրոպան չի արձագանքել։ Կան բազմաոլորտ հարաբերություններ Թուրքայի հետ։ Թուրքիան այնքան շատ գումար է ստանում Եվրամիությունից՝ առանց էական պայմանների։ Ես նաև կասեի, որ Կիպրոսի հյուսիսային մասն օկուպացված եվրոպական տարածք է, և մենք մեր եվրոպացի գործընկերներից ավելի մեծ զգայունություն էինք ակնկալում, բայց այդպես չի եղել։

-Այժմ Հայաստանի ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ չնայած առկա պատմական տարաձայնություններին։ Կիպրոսի և Թուրքիայի միջև ևս կան խնդիրներ․ կարո՞ղ ենք արդյոք համեմատել այս երկու իրավիճակներն, ու Դուք ինչպե՞ս կբնութագրեիք  դրանք։

-Ըստ սահմանման՝ յուրաքանչյուր դեպք եզակի է՝ չնայած կարող են լինել նմանություններ և տարբերություններ։ Հայաստանի դեպքում մենք գիտակցում ենք հայ ժողովրդի պատմական դժգոհությունը՝ կապված Ցեղասպանության հետ։ Այս պահին Հայաստանի կառավարությունը ցանկանում է առաջ շարժվել պրագմատիզմով։ Այն ցանկանում է հասնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ փոխադարձ հարգելով նաև բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը։ Ես դա շատ եմ հարգում։ Մեր դեպքում, Թուրքիան ներխուժել է Կիպրոս՝ գրավելով տարածքի գրեթե 40%-ը, հրաժարվում է Կիպրոսի խնդիրը մեզ հետ ուղղակիորեն քննարկել, ուստի միջհամայնքային բանակցություններ են ընթանում Կիպրոսի հույների և Կիպրոսի թուրքերի միջև՝ չնայած Կիպրոսի թուրքերը չեն կարող որևէ որոշում կայացնել առանց Թուրքիայի։ Այսպիսով, մեր դեպքում իրավիճակը շատ դժվար է եղել։ Ես կասեի, որ առաջընթաց չի եղել՝ չնայած Կիպրոսի Հանրապետության և ընդհանրապես Կիպրոսի հույների կողմից բազմաթիվ զիջումների։ Նիկոսիայի կողմից վերջին 50 տարիների ընթացքում իրականացված քաղաքականությունը որևէ արդյունքի չի հանգեցրել։ Անձամբ ես, քանի որ հետևում եմ այս հարցին, ուսումնասիրում եմ, գրում եմ դրա մասին, գալիս եմ այն ​​եզրակացության, որ մենք պետք է հարստացնենք գործընթացը։ Ես առաջարկել եմ Կիպրոսի խնդրի լուծման աստիճանական մոտեցում, միաժամանակ մենք առաջ ենք մղում քայլեր կամ առաջարկություններ՝ նորմալ պետություն ունենալու համար և միևնույն ժամանակ մեզ անհրաժեշտ է ունենալ խոսույթ՝ մեր եվրոպացի գործընկերներին և միջազգային հանրությանն այս մասին համոզելու համար։ Կարևոր է նաև ամրապնդել ուժային գործոնները։ Սա դժվարին իրավիճակ է։ Հիմա, վերադառնալով Հայաստանի հարցին, խոսքը միայն Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին չէ։ Ինչպես գիտեք, այս ամենում կան այլ խաղացողներ։ Վստահ եմ, որ Եվրոպական միությունը կարող է իր ներդրումն ունենալ, բայց մյուս կողմից շատ կարևոր է մեծ սպասելիքներ չունենալը Միությունից այն իմաստով, որ այն դեռևս լիովին չի զարգացել՝ որպես արտաքին քաղաքականություն, անվտանգության քաղաքականություն ունեցող և միջազգային քաղաքականության մեջ չափազանց բարձր լծակ ունեցող ուժ։ Այսպիսով, շատ կարևոր է հիշել սրա մասին։ Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ Հայաստանի կառավարության որոշումները, որը փորձում է առաջ շարժվել և հասնել այնպիսի իրավիճակի, որտեղ հնարավոր կլինի խաղաղություն և կայունություն ունենալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30