Տասնյակ իսրայելցի դերասաններ Իրանից ֆիշինգային հարձակման զոհ են դարձել, որի ընթացքում նրանք իրենց տեսանյութերը, անձնագրերի և նույնականացման քարտերի պատճենները ուղարկել են «ռեժիսորին»։ Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտարարել է Իսրայելի ազգային կիբերվարչությունը, հաղորդում է իսրայելական «Վեստի»-ն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հաքերները (ենթադրաբար՝ իրանցի) կոտրել են դերասանների էլեկտրոնային փոստարկեղրը և առաջարկել նրանց նկարահնվել հայտնի ռեժիսորի նոր ֆիլմում։ Դրա համար պահանջվում էր կից հղումով ուղարկել լսումների տեսանյութեր և անձնական տվյալներ, այդ թվում՝ իսրայելական նույնականացման քարտի և արտասահմանյան անձնագրի պատճեններ, ինչպես նաև հայտնել իրենց գտնվելու հասցեները։
«Տասնյակ մարդիկ ուղարկել են պահանջված տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի հասցեին։ Ավելի ուշ այդ մարդիկ ստացել են սպառնալից հաղորդագրություններ, որոնցում ուղարկված տվյալների ստացումը վերագրվում էր իրանցիներին։ Տուժածների վրա հոգեբանական ճնշում է գործադրվել», — պատմել են Իսրայելի կիբերանվտանգության ազգային վարչությունից։
Ըստ ֆիշինգային նման հաղորդագրության զոհ դարձած իսրայելցի դերասանուհու՝ խոսքը «ռեժիսոր Արի Ֆոլմանի՝ հոկտեմբերի 7-ի մասին ֆիլմի քասթինգի» մասին է եղել։ Դերասանուհուն խնդրել են ուղարկել անձնական տեսանյութ, որտեղ բացատրում է, թե ինչու է նա հարմար նախագծի համար և այլ փաստաթղթեր։
Կիբերանվտանգության ազգային վարչությունը տուժածներին խորհուրդ է տվել Բնակության և ներգաղթի վարչությունում հնարավորինս շուտ փոխել նույնականացման քարտերն ու անձնագրերը, փոխել գաղտնաբառերը և ակտիվացնել երկփուլանի նույնականացումը բոլոր հնարավոր տեղերում, ներառյալ նախարարությունների կայքերը, «Բիթուահ լեումի»-ն, բանկային հաշիվները, հարկային մարմինները, էլեկտրոնային փոստը, սոցիալական ցանցերը և այլն։ Բացի այդ, խորհուրդ է տրվում միջադեպի մասին հայտնել բանկերին և վարկային քարտերի ընկերություններին, ինչպես նաև հետևել կասկածելի գործարքներին։