Մի խումբ քաղաքացիներ կազատվեն աղբահանության համար չվճարելու հետևանքով առաջացած տույժերից

Առաջարկվում է Երևան քաղաքում 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսների աղբահանության վճարը «Աղբահանության սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված ժամկետում չվճարած անձանց ազատել վերոնշյալ ամիսների համար մինչև հուլիսի 31-ը ներառյալ վճարը չվճարելու տույժերի վճարման պարտականությունից: Այդ մասին, այսօր՝ մայիսի 20–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։

«Արդեն իսկ հաշվարկված աղբահանության վճարի ցանցն առցանց հարթակում դիտել և համապատասխան վճարումներ հնարավոր է կատարել հետևյալ հարթակների վճարահաշվարկային կազմակերպությունների՝ Erevan.am-ի, pay.e-community.am-ի, «Հայփոստի», Еasy pay վճարային համակարգի, «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղերի միջոցով»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցի շրջանակում դիմեց երևանցիներին. «Այս որոշմամբ մենք արձանագրում ենք, որ մինչև այս պահը կուտակված որևէ տույժ-տուգանք չի գործում, ամբողջը հաշվանցվելու է ձեր փաստացի սանմաքրման վճարին»:

Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ մոտակա 1-2 շաբաթում կլինեն նաև մի շարք այլ առևտրային բանկեր, որոնց հավելվածների միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել. «Կարծում եմ՝ մոտ 1 ամսից բոլոր այն տարբերակները, որոնք նախկինում հասանելի են եղել, հասանելի կլինեն, և այլևս քաղաքացիները դժվարություններ չեն ունենա»,- ասաց փոխքաղաքապետը:

Լևոն Հովհաննիսյանը նաև պարզաբանեց՝ քանի որ առցանց չէր ստեղծվել այն հարմարանքը, որով քաղաքացին կկարողանար հավելվածների միջոցով վճարել աղբահանության համար, հետևաբար որոշում է կայացվել տույժ-տուգանքները 4-5 ամսով հետաձգել:

«Կկիրառենք տույժ-տուգանքները այն կետից, երբվանից մենք ձեզ համար ստեղծել ենք այդ առցանց տարբերակը»,- ասաց նա:

Երևանի ավագանին ընդունեց առաջարկը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031