Հայաստանի կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցում յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սպանդանոցի կողմից սահմանված վճարը։
Համապատասխան նախագիծը մայիսի 8-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հիշեցրեց, որ դեռևս 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարական էր տվել սպառողներին որակյալ ու անվտանգ մսամթերք մատակարարելու համար ապահովել այնպիսի իրավիճակ, որ խրախուսվի սպանդանոցային սպանդը, և ֆերմերային տնտեսությունները, գյուղաբնակ քաղաքացիները, որոնք զբաղվում են անասնապահությամբ, անասունների սպանդն իրականացնեն սպանդանոցների միջոցով։
«Հանձնարարականի կատարումն ապահովելու համար ուսումնասիրվել է միջազգային փորձը։ Գործընկերների հետ այցելել ենք Ավստրիա, ուսումնասիրվել է մասնավորապես 1990-ականների ավստրիական փորձը, որը տեղայնացրել ենք։ Ավստրիացիները ևս այդ նույն խնդիրն են ունեցել, երբ անցել են սպանդանոցային մորթին։ Առանց լրացուցիչ մոտիվացիոն համակարգի խնդիրը շատ դանդաղ է առաջ գնացել և բավականին երկար ժամանակ այնտեղ մորթը չի իրականացվել սպանդանոցային եղանակով։ Խնդիրը լուծելու համար նրանք ինչ-որ ժամանակ բավականին մեծ չափով սուբսիդավորել են սպանդանոցային մորթը ֆերմերի համար»,-պատմեց նախարարը։
Նրա խոսքով՝ այդ ծրագիրը կիրառել են Հայաստանում։ «Տարբեր գնահարցումների ուսումնասիրություններ ենք արել ու որոշել, որ պետությունը կսուբսիդավորի սպանդանոցի կողմից յուրաքանչյուր խոշոր եղջերավոր կենդանու սպանդի ծառայության մատուցման համար սպանդանոցի կողմից սահմանված վճարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 հազար դրամ։ Եթե 8000 դրամ է, մենք 8000 կվճարենք, եթե 10 հազար դրամ է, մենք կվճարենք 10 հազար դրամ, եթե 11 հազար դրամ է, մենք վճարում ենք 10 հազար դրամը, իսկ 1000 դրամը քաղաքացին է վճարում։ Բրուցելոզով հիվանդ խոշոր եղջերավոր կենդանու դեպքում՝ 15 հազար դրամ կվճարենք, որովհետև նման անասունների մորթն ունի առանձնահատկություններ, բարդություններ»,-մանրամասնեց Պապոյանը։
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանում բավականին շատ սպանդանոցներ կան։ «Մեր գեոպորտալում բոլորն արտատպել ենք ու հետաքրքիր գույներ ենք ընտրել՝ կարմիր և կանաչ։ Կարմիրով նշվել են այն սպանդանոցները, որոնք կան, բայց չեն աշխատում։ Ավաղ, նման սպանդանոցները 70 տոկոս և ավելի են։ Չեն աշխատում, որովհետև չկան մարդիկ, որոնք անասունների սպանդը կիրականացնեն սպանդանոցներում։ Կարծում ենք՝ այս ծրագիրը կօգնի ներդրումների արդարացմանը, և սպանդանոցները ենթադրաբար պետք է վերաբացվեն»,-ասաց Պապոյանն ու հավելեց՝ սպանդանոցի սեփականատերն էլ պետք է դիմի իր համայնքին։
Եթե նա ունի էլեկտրոնային ստորագրություն, առցանց կարող է լրացնել պատրաստի ձևաչափն ու էլեկտրոնային ստորագրություն թողնել։ Նախարարությունը ևս ավտոմատ այդ ստորագրությունը դնում է, և համաձայնագիր է կնքվում։ Եթե անձը չունի էլեկտրոնային ստորագրություն, պետք է տպի, լրացնի, սքան անի և մեյլով ուղարկի։ Համայնքապետարան կամ նախարարություն գնալու կարիք չի լինի։
Համաձայնագրի կարևոր կետերից մեկն այն է, որ մորթից հետո մորթամթերքները պետք է վերադարձվեն բնակչին։ Դա այն տրամաբանությունն է, որը գործում է սովորական սպանդանոցային ծառայությունների մատուցման գործում։