2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրությունները ըստ էության, ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա, ըստ էության, առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը և նպատակն է, համենայնդեպս կառավարության տեսակետից, բայց ոչ միայն կառավարության տեսակետից։ Պիտի ընդգծեմ, որ հարցը այդպես է և կառավարության տեսակետից, և պատմական տեսակետից, և բոլոր, բոլոր հնարավոր մյուս տեսակետներից։
Այսինքն 2026–ի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը կամ անհրաժեշտությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակը Հայաստանը ետ գլորել ն կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ։
Ուզում եմ ընդգծել որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը»,– հայտարարեց նա։






































