Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում կմասնակցի ևս մեկ «պատարագի»։ Փաշինյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութի միջոցով։
«Այսօր մեր Տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու խորանի առաջ ծնկի գալու և մեղքերի թողություն խնդրելու օր էր։ Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը առաջին հերթին նորոգման օրակարգ է, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր նորոգման օրակարգ, բայց դրանով իսկ մեծապես նաև նրա հետևորդների, մեզնից յուրաքանչյուրի հոգու և հոգևոր կյանքի նորոգման օրակարգ է։ Ես առաջին հերթին խոսում եմ իմ մասին։ Եվ այսօրվա պատարագը ինձ համար իմ հոգու և հոգևոր կյանքի նորոգման մի կարևոր մեկնարկ է։
Եվ ես հույս ունեմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր նորոգման օրակարգի կողմնակից են, այդ գործընթացը կսկսեն իրենք իրենց հոգու և հոգևոր կյանքի նորոգմամբ։ Որովհետև մենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհին պետք է արժանի լինենք մեր Սրբության սրբոցին։ Ուզում եմ ասել նաև, որ մյուս կիրակի օրը նույնպես Հովհաննավանքում կմասնակցեմ Սուրբ և Անմահ պատարագի»,- ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հոկտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում մասնակցել է «պատարագի», որը մատուցել է կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը։






































