Մեզ բոլորիս իրական երկխոսություն է պետք, դադարել աղմկել ուվերջապես լուծել պետության ու ժողովրդի դեմ կանգնած մաhшցու խնդիրները․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Իմ կողմից շատ հարգելի և սիրելի Հայր Ռուբենը երեկ «անգետ, բայց հավակնոտ» անձանց՝ «միջինից ցածր կրթական ցենզ ունեցող է՛լ պատգամավոր, է՛լ քաղաքագետ, է՛լ հայհոյաբերան, է՛լ սադրիչ»-ներին, կարծում եմ նաև՝ շատ ու շատ ուրիշներին մեղադրել է հոգևորականներին հոգևոր-կրոնական թեմաներով, ինչպես նաև եկեղեցաբանական դասեր տալու մեջ՝ զուգահեռաբար հիշեցնելով, որ «քրիստոնեական ավանդույթները՝ Սուրբ Գրքից մինչև եկեղեցու հայրեր, այս թեմայի վերաբերյալ տվել են միարժեք և մարդկանց իրենց տեղը ցույց տվող խորհուրդներ»։ Հայր Սուրբն այնուհետև մեջբերել է այդ խորհուրդներից մի քանիսը՝ անկասկած իմաստուն խոսքեր, որոնք գոնե թե ինձ համար բացարձակ ճշմարտություններ են։ Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ես, անկեղծ, չգիտեմ, թե մեր եկեղեցականներն ում խորհուրդներին են հետևում և ում համարում «անգետ, բայց հավակնոտ», բայց մի քանի համոզմունք ունեմ, որոնք իմ պարտքն եմ համարում ներկայացնել հանրությանը։

Նախ, իսկապես համամիտ եմ սիրելի Հայր Ռուբենի հետ, որ Եկեղեցին պետք է առաջնորդվի Աստծո և ոչ թե զանգվածների խոսքով։ Եկեղեցին իր առաքելությունն ունի, որը, որպես կանոն, հաճախ հակասության մեջ է ժողովրդական այս կամ այն շերտի սպասելիքից։ Սրա մասին երկու ամիս առաջ գրել եմ, կարծում եմ՝ մանրամասն կրկնվելու առիթ չկա։

Երկրորդ, տարբեր հակաեկեղեցական շարժումներ, աղանդներ ու հերձվածողներ մեր պատմության մեջ շատ են եղել։ Դրանք բոլորն արժանացել են նույն ճակատագրին՝ վերացել, կորել են։ Բայց դա չի եղել ինքն իրեն։ Նրանց դեմ պայքար է մղվել, որին մասնակցել է նաև հավատավոր ժողովուրդը՝ իր «պատգամավորներով ու քաղաքագետներով» հանդերձ։ Ուստի, կարծում եմ, պետք չէ հրաժարվել այդ ռեսուրսից, կամ ստորադասել դա մեկ այլ ռեսուրսի։

Այն թեզը, որ ավելի քան 1,700 տարեկան մեր եկեղեցին ամեն ինչ հաղթահարել է, սա էլ կհաղթահարվի, իմ կարծիքով ճիշտ չէ։ Արցախը շատ ավելի երկար դարեր է եղել հայկական, բայց այսօր մենք այն ազատագրելու կենսական խնդրի առջև ենք կանգնած։ Աստված ոչ արասցե, եթե մեկ օր նման խնդիր էլ Եկեղեցու հետ կապված առաջանա։

Հաջորդը, մենք բոլորս պետք է շատ զգույշ լինենք կրոնի, Եկեղեցու և հավատքի հետ կապված հարցերում։ Սա թամաշայի տեղ չէ։ Լայքեր ու դիտումներ հավաքելու առիթ չէ։ Քաղաքական փիարի կամ ինքնահաստատվելու դաշտ չէ։ Հաճախ լռությունն ավելի ազդեցիկ ու գործուն է, քան բարձր աղաղակներն ու գոչյունները։ Եկեք որպես օրինակ դիտարկենք Հովհաննավանքի նախկին հոգևորականի շուրջ ստեղծված իրավիճակն ու փորձենք անկեղծ հետևյալ հարցին պատասխանենք՝ կհաջողե՞ր իշխանությունն իր հակաեկեղեցական այս գործերում, եթե քարոզչական դաշտում մենք ինքներս այդքան դրա ձայնը չբարձրացնեինք։ Վստահ եմ՝ ոչ։ Ավելին, համոզված եմ, որ այդ թեման վաղը կսպառվի, իսկ մի քանի օր անց էլ՝ մերօրյա Հուդան դեն կնետվի իր իսկ հովանավորյալների կողմից։ Հավատացեք՝ հենց այդպես էլ կլինի, եթե թամաշա անողներն ու լայք հավաքողները չշարունակեն իրենց՝ թկուզ և բարի մղումներից բխող գործը։ Բայց սա այն հարցն է, որտեղ, ինչպես արդեն ասացի, չափազանց զգուշավորություն և գրագետ մոտեցում է պետք։

Իհարկե, այս հարցն ունի նաև քաղաքական բաղադրիչ, որի մասին երկու օր առաջ արդեն խոսել եմ։ Հիշեցնեմ՝ գրել էի, որ Նիկոլն անընդհատ «մարտի» է կանչում ընդդիմությանը, բայց այդ մարտահրավերը չի ընդունվում։ Սա քննարկման առանձին թեմա է, որին կարող ենք նաև հետո անդրադառնալ։ Այս պահին ավելի կարևորը իշխանությունների օրակարգերը չսպասարկելն է։ Նիկոլն ու իր կողքի նիկոլներն ուզում են, որպեսզի մենք բոլորս շարունակ քննարկենք իրենց կողմից դաշտ նետված քարոզչական թեզերը։ Ցավոք, իրենք կարողանում են հասնել իրենց նպատակին, ինչի ականատեսն այսօր բոլորս հերթական անգամ եղանք։ Ուստի խնդրանքս ու հորդորս է բոլորին՝ չքննարկել, չմեկնաբանել, հաճախ նույնիս չհերքել բոլոր այն կեղտոտ լուրերը, որոնք դաշտ են նետվում Նիկոլի կողմից։ Իշխանական քարոզչությանը դիմակայելու ուրիշ ձև չկա։ Պարզապես չկա։

Ասածս, իհարկե, չի նշանակում, որ չպետք է պայքարել այս ապազգային, դավաճան իշխանությունների դեմ։ Պետք է։ Պարզապես պետք է պայքարել մեր օրակարգերով, մեր արժեքներով, մեր առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ գործիքներով։ Շունը, երբ մարդուն կծում է, մարդը չի կռանում՝ ինքն էլ շանը կծում։ Պետք է միշտ մարդ մնալ և չշեղվել հիմնական նպատակից։ Սա աքսիոմ է, որն ապացուցելու անհրաժեշտություն չկա։

Հարգելիներս, համատարած այս աղմուկի մեջ պետք է սովորենք արժեքավորն ու անարժեքը իրարից տարբերակել։ Սա արդեն կենսական անհրաժեշտություն է։ Նիկոլի իշխանությունը պետք է օր առաջ հեռացվի։ Դա անելու ձևն արդեն առաջարկված է։ Մեզ բոլորիս իրական երկխոսություն է պետք։ Բոլորիս՝ Եկեղեցուն, ընդդիմությանը, պատգամավորներին, քաղաքագետներին, մտավորականներին, շինարարներին, ուսուցիչներին, գյուղացիներին և այլն, և այլն։ Բոլորիս։ Դադարել աղմկել, զրուցել միմյանց հետ, պայմանավորվել ու վերջապես լուծել պետության ու ժողովրդի դեմ կանգնած մահացու խնդիրները։

Ու թող Աստված օգնական լինի բոլորիս»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031