Հայաստանը բարելավել է լրատվամիջոցների ազատության վիճակը երկրում 9 հորիզոնականով. «Լրագրողներ առանց սահմանների»

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային ոչ կառավարական կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը բարելավել է երկրում լրատվամիջոցների ազատության վարկանիշը 9 հորիզոնականով։

Այսպես, Կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը, նախորդ տարի ՀՀ-ն 43-րդ հորիզոնականում էր։

Ինդեքսի հեղինակները նշում են, որ չնայած բազմակարծիք միջավայրին, երկրում լրատվամիջոցները մնում են բևեռացված։

«Երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի, որը խթանվում է ներքաղաքական լարվածությամբ, երկրի սահմաններին անվտանգությանն առնչվող մտահոգություններով և Ռուսաստանի ու Եվրամիության միջև երկրի դժվարին դիրքով։ Սոցիալական ցանցերը, որոնք ամեն օր դիմում են բնակչության երկու երրորդը, տեղեկատվության հիմնական աղբյուրն են։ Հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք առնչվում են խոշոր քաղաքական և առևտրային շահերին, շարունակում են ճնշման ենթարկվել իրենց խմբագրական քաղաքականության պատճառով»,-ասված է զեկույցում։

Միաժամանակ ընդգծվում է, որ լրատվամիջոցների բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ մոտ են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, մինչդեռ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին, և միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախություն ցուցաբերում։

«Երկու քաղաքական հարցեր հատկապես զգայուն են՝ Ադրբեջանի հետ ընթացող բանակցությունները և Հայաստանի ու Ռուսաստանի միջև ավելի ու ավելի լարված հարաբերությունները։ Որոշ քաղաքական խմբավորումներ ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և հարձակվում լրագրողների վրա։

Չնայած զրպարտության ապաքրեականացմանը և լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության ներդրմանը, ոլորտը կարգավորող իրավական շրջանակը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության և տեղեկատվության խափանումների հետևանքով առաջացած խնդիրները։ Կառավարության տեղեկատվությանը հասանելիությունը սահմանափակված է կառավարության կողմից (պատասխանելուց հրաժարվելը, ուշացումները և այլն): Միևնույն ժամանակ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարությանն ուղղված որևէ քննադատությունից, ասված է զեկույցում։

Միաժամանակ, Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը նշել է, որ լրագրությունը որպես մասնագիտություն նվաստացվում է և ենթարկվում է հատկապես մտահոգիչ ատելության խոսքի։

Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցող բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը։ Բացի դրանից, լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման, վիրավորանքների և բռնության ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես նաև նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում։ «Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունը մնում է անպատիժ»,-ասված է Հայաստանին վերաբերող բաժնում։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031