Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը և հայտարարել, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է հանձնի վերջին պատանդների դիակները: Այս մասին լրագրողներին հայտարարել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը:
Նա նշել է, որ Մերցը և Նեթանյահուն «քննարկել են Գազայի հատվածում կրակի դադարեցման ռեժիմի հետագա կայունացման ուղիները»։ «Կողմերը համաձայնել են, որ մարդասիրական օգնությունը պետք է ապահով կերպով և բավարար քանակությամբ հասցվի Գազայի բնակիչներին։ ՀԱՄԱՍ-ը պետք է անհապաղ հանձնի վերջին պատանդների մնացորդները», — ընդգծել է Կոռնելիուսը։
Հոկտեմբերի 9-ին Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ պայմանավորվել են իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Գազայում կրակի դադարեցման ռեժիմը, ըստ Թրամփի ծրագրի, ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։
ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 13-ին ազատ է արձակել կենդանի մնացած 20 իսրայելցի պատանդների և հանձնել է զոհված 4 գերիների մնացորդները։ Իսրայելի իշխանություններն իրենց դժգոհությունն են հայտնել, որ արմատականները 28 մարմիններից վերադարձրել են ընդամենը 4-ը։ Հաջորդ օրերին ՀԱՄԱՍ-ը հրեական պետությանը փոխանցել է ևս մի քանի զոհվածների մարմիններ։






































